ՀԱԱՀ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը գործող ագրոճամբարի 1300 քմ բակային տարածքի վրա հիմնվել է հատապտղանոց եւ ինտենսիվ պտղատու այգի։ AGRI CAMP նախագծի շրջանակում ուսումնական նպատակներով հիմնված հատապտղանոցը եւ այգին զբաղեցնում են համապատասխանաբար 520 եւ 500 քմ։
Կաթիլային ոռոգման համակարգով համալրված հատապտղանոցի մի մասը հիմնվել է լարասյունային (շպալերային), մյուս մասը՝ հակակարկտային համակարգով։ Տնկվել է ազնվամորու 4 մշակաձեւ՝ Ֆոլգոլդ (դեղին), Ջոան J (անփուշ), Պոլկա եւ Պոլանա: Պտղատու այգին նույնպես ապահովված է կաթիլային ոռոգմամբ․ այստեղ տնկվել են կեռասենու Ռեջինա (VSL-2) եւ Գեներալսկայա (VSL-2) եւ խնձորենու Գոլդեն (MM106), Գրենի սմիթ (MM106), Գոլդ ռաշ (MM106), Գալա (MM106) մշակաձեւերի ծառեր:
Այգին եւ հատապտղանոցը ծառայելու են թե Ագրարային համալսարանի ուսանողներին՝ գործնական ուսուցման նպատակներով, եւ թե ագրոճամբարում պարբերաբար կազմակերպվող ամառային (եւ ոչ միայն) դպրոցների բազմաթիվ շահառուների՝ կարճաժամկետ վերապատրաստումներ անցնելու, արդիական գիտելիքներ եւ հմտություններ ստանալու եւ գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարման նորարարական գործելակերպեր սովորելու համար։
Ուսանողները եւ մյուս շահառուներն այս տարածքում ունեն նաեւ օդի հարաբերական խոնավությունը, ջերմաստիճանը, քամու ուժգնությունը, հողի խոնավությունը չափելու հնարավորություն՝ շնորհիվ ագրոճամբարի սեփական եղանակային կայանի, որը տեղադրել է համալսարանը։