ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի համահիմնադիր, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Տեխասի A&M համալսարանի պատվավոր պրոֆեսոր, գյուղատնտեսական տնտեսագիտության դեպարտամենտի նախկին ղեկավար Ջոն Նիքըլսը ձայների մեծամասնությամբ (63,52 %-ով) հաղթել է երկու երիտասարդ մրցակիցներին եւ ընտրվել Տեխասի նահանգի Բրազոս կոմսության Քոլիջ Ստեյշն քաղաքի քաղաքապետ։ Այս քաղաքում է գտնվում մեր համալսարանի տասնամյակների գործընկեր Տեխասի A&M համալսարանը։ Համալսարանական ակտիվ գործունեության ավարտից հետո նա երկար տարիներ եղել է Քոլիջ Ստեյշնի ավագանու անդամ։
Դոկտ․ Նիքըլսը, դոկտ․ Դենիել Դանի հետ միասին, կանգնած է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ ICARE հիմնադրամի ստեղծման ակունքներում, կառույցներ, որոնք Ագրարային համալսարան եւ ընդհանրապես Հայաստան բերեցին ագրոբիզնեսի եւ շուկայավարման ոլորտի արդիական կրթության ու կիրառական հետազոտությունների նոր մշակույթ, որն այսօր էլ օգնում է մեզ՝ ուսումնաբովանդակային, գիտական ու գիտասփյուռ-խորհրդատվական ուղղություններով մեր համալսարանի փոխակերպումն ու առաջընթացն ապահովելու համար։
Դոկտ․ Նիքըլսը մինչ օրս մնում է ICARE հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անփոփոխ նախագահը եւ, անշուշտ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մեծ բարեկամը։ Այս տարվա հունիսին Ագրարային համալսարան իր վերջին այցելության ժամանակ մեծ գոհունակությամբ արձանագրեց համալսարանի առաջընթացը, նշելով, որ շատ ուրախ է տեսնել, թե ինչպես է իրականություն դառնում համալսարանի բարեփոխումների՝ մեր երբեմնի ընդհանուր տեսլականը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անունից ջերմորեն շնորհավորում եմ դոկտ․ Նիքըլսին՝ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթում մեծ նվաճումներ հանուն իր հարազատ համայնքի, իր երկրի եւ համամարդկային արժեքների, որոնց դավանում է մեր համալսարանի եւ Հայաստանի մեծ բարեկամն ու նվիրյալ գործընկերը։