Գիտական խորհրդի այսօրվա՝ հոկտեմբերի 27-ի նիստը, որը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց ստորաբաժանումների 2021-2022 ուսումնական տարվա հաշվետվություններով, որոնց վերաբերյալ զեկուցեցին դեկանները, քոլեջների, մասնաճյուղերի եւ վարժարանի տնօրենները։
Ներկայացվեցին ձեռքբերումները, խնդիրներն ու առաջիկա առաջնահերթ անելիքները։ Ագրոնոմիականում ամենամեծ ձեռքբերումը աշխատանքային կիսամյակի ընթացքում 26 ուսանողներից 15-ի՝ աշխատանքի հրավեր ստանալն է։ Ձեռքբերումներից են ուսանողական-ֆերմերային տարածքը Ակունքի օրգանական գյուղատնտեսության կենտրոնում, նորարարական բանջարաբուծության հաջողված փորձը Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում։
Տեխնոլոգիականում տարին նշանավորվել է Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրի եւ թորման լաբորատորիաների, Կաթնամթերքի վարպետաց դպրոցի մեկնարկով։
Դասախոսների՝ Հայաստանում եւ արտերկրում վերապատրաստումների քանակն ու որակը, գիտաժողովներին մասնակցությունն ու հրապարակված աշխատությունների քանակը բավականին գոհացուցիչ են տնտեսագիտականում։ Այս առումով, որպես խնդիր նշվեց հրատարակվող հեղինակների «կրկնությունը»։ Բարելավման կարիք ունի արտերկրի համալսարանների համապատասխան ֆակուլտետների հետ գործակցությունը։ Իսկ առավել մտահոգիչը գիտական արդյունքի առեւտրայնացման գործում թերացումներն են եւ խորհրդատվական մեծ ներուժի թերօգտագործումը։
Ռեկտոր Ուռուտյանը, դարձյալ անդրադառնալով դիպլոմային աշխատանքների թեմաների «չխամրող» խնդրին, նշեց հատկապես տնտեսագիտականում դրանց արդիականացման եւ ոլորտայնացման անհրաժեշտությունը։ Նույն դիտարկումը նա արեց հեռակայի առումով։
Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում ուսումնական տարին նշանավորվել է աշխատանքային կիսամյակի եւ փորձուսուցման գործընկերների ցանցի ընդլայնմամբ, ուսանողների գիտական աշխատանքների աշխուժացմամբ եւ Անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոնի եւ կլինիկայի բացմամբ։
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում ներմուծված նոր կրթական ծրագրերում առայժմ ուսանողների թվաքանակի խնդիր կա, սակայն արտակարգ հետաքրքրությունը եւ պահանջարկվածությունը նախադրյալներ են ստեղծում թվի ավելացման համար։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, Ճարտարագիտական նախագծերի մոդելավորման սենյակում «ոտք դնելու տեղ» չլինելու հանգամանքը․ այս պահին այնտեղ միաժամանակ աշխատում է 6 թիմ։
Հեռակայում վերանայվել են դասավանդման մեթոդները, քայլ է արվել հատկապես հեռավար ուսուցման ուղղությամբ։ Իսկ գործնական պարապմունքները համալսարանի լաբորատորիաներում եւ տնտեսություններում անցկացնելը հստակ ցույց է տվել իր արդյունավետությունը։
Ագրոբիզնեսի դեպարտամենտում իրականացվող վերապատրաստումների ազդակները գալիս են ոլորտային կոնկրետ կարիքներից։ Այստեղ շատ արդյունավետ են կարճաժամկետ կրթական ծրագրերը․ օրինակ, Գինու ակադեմիայի շրջանավարտներից 16-ն ունի սեփական բրենդը եւ շուկայում իր ուրույն տեղը։
Վանաձորի մասնաճյուղում պայմանագրեր չեն կնքվել պահանջները չբավարարող դասախոսների հետ։ Անտառային ջերմատունն արդեն արտադրել է 60 հազար ծառ, իսկ գիտելիքի հաբը շարունակում է չթուլացող ռիթմով դեպի իրեն ձգել Լոռու մարզի երիտասարդությանը։ Առաջիկայում նոր լաբորատորիաներ կբացվեն մասնաճյուղում։
Սիսիանում ընթացքի մեջ է Խելացի գյուղատնտեսության կենտրոնը՝ աննախադեպ հնարավորություններով։
Քոլեջում կայացած է գինեգործության դուալ կրթական ծրագիրը, ավելին՝ գերազանց արդյունքներ են գրանցվել։ Ռեկտոր Ուռուտյանը հանձնարարեց այս օրինակով կայացնել նաեւ մյուս դուալ ծրագրերը։
Պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի զեկուցման հիման վրա գիտխորհուրդը քննարկեց եւ հաստատեց 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի անվանական 17 կրթաթոշակառուների ցուցակը։
Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարիկ Համբարձումնյանը՝ ներկայացնելով շարժունության ցուցանիշների մանրակրկիտ վերլուծությունը՝ դեպարտամենտի ստեղծած կապերի աննախադեպ ընդլայնման խորապատկերին՝ մտահոգիչ տվյալներ հաղորդեց արտերկրում սովորելու կամ դասավանդելու բազմաթիվ թափուր տեղերի խնդրի մասին, որի հիմնական պատճառը անգլերենի կամ այլ օտար լեզուների չիմացությունն է։
Գիտխորհրդի հագեցած օրակարգը շարունակվեց մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ, ինչպես նաեւ ընթացիկ հարցերի քննարկմամբ եւ համապատասխան որոշումների ընդունմամբ։