Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Coca cola HBC Yerevan Plant ընկերության աշխատակիցների հետ, որոնց ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության (ԿԶՇԿ) բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը, որ մեր բուհի վաղեմի գործընկեր-գործատուներից է, այս տարվանից սիրով բացեց դռները աշխատանքային կիսամյակի փորձաշրջանն անցնող երիտասարդների համար:
Միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշի երեւանյան ներկայացուցչության աշխատանքները հանգամանորեն ներկայացրին ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակցուհի Անին եւ աշխատանքի անվտանգության փորձագետ Վահանը, որն, ի դեպ, մեր բուհի շրջանավարտ է: Անասնաբույժի որակավորում ստանալուց հետո մագիստրոսական փուլն անցկացրել է Հունաստանում:
Վահանը մանրակրկիտ ներկայացրեց Հելենիկ գրուպի ցանցը, որն ընդգրկում է արեւելաեւրոպական երկրներից մի քանիսը, Եգիպտոսը, նաեւ Հայաստանը: Պատմեց ստորաբաժանումների, դրանց գործունեության առանձնահատկությունների մասին: Քանի որ միջազգային ընդգրկում ունեցող ընկերություն է, ցանկալի է, որ աշխատակիցները բավարար մակարդակով իմանան անգլերեն: Կարեւորում են կրթական մակարդակը, մտավոր եւ ստեղծագործելու կարողությունները:
Փորձուսուցման հնարավորությունն արդեն հրաշալի է: Բայց ծավալների ընդարձակմանը միտված ծրագրերը ենթադրում են նաեւ նոր աշխատատեղեր: Թափուր հաստիքների մասին տեղեկություններ մեր ուսանողները կարող են ստանալ ընկերության կայքից եւ ՀԱԱՀ ԿԶՇԿ-ից: