Որպես հայաստանյան համալսարանական գործընկերներից մեկը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երրորդ օրն է ինչ հյուրընկալել է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից համակարգվող «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում վերապատրաստման հերթական դասընթացը։ Էրասմուս+ ՀԳ1 միջազգային ծրագրից ղեկավարվող GeoTAK-ի հիմնական նպատակը երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթության զարգացումը եւ Հայաստանի եւ Ղրղզստանի մի շարք բուհերի միջեւ հետազոտական ու նորարարական կապերի ամրապնդումն են։
Վերապատրաստման 5-օրյա ծրագրի մեկնարկին մասնակից եվրոպական, ղրղզական եւ հայաստանյան գործընկերներին ողջունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Շնորհակալություն հայտնելով Էրասմուս+-ի եւ GeoTAK-ի գործընկերներին, նա նշեց, որ գյուղատնտեսական չորս ԱԹՍ-ներից երկուսը համալսարանը ձեռք է բերել GeoTAK-ի աջակցությամբ։ Դրանք, ինչպես եւ ԵՄ եւ Ավստրիական զարգացման համագործակցության նվիրաբերած մյուս ԱԹՍ-ներն այժմ օգտագործվում են ուսումնական եւ արտադրական նպատակներով։ Ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ Ագրարային համալսարանը ագրոտեխնոլոգիականի վերափոխման գործընթացում է եւ Էրասմուսի ու GeoTAK-ի նման գործընկերների աջակցության նշանակությունը մեծ է այս կարեւոր անցման գործում։
Ծրագրի մասնակիցներին ողջունեց եւ հաջողություն մաղթեց նաեւ Էրասմուսի+-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, որը ծրագիրը արժեւորեց ակադեմիական մշակույթի զարգացման, նախկինում Տեմպուսի, այնուհետեւ Էրասմուսի շրջանակում արդյունավետ համագործակցության, միմյանցից սովորելու լավ հնարավորության տեսակետից։
Lիագումար եւ համընթաց նիստերի ընթացքում քննարկվում են ազգային գեոդեզիական ենթակառուցվածքներին, գեոդեզիական կոորդինատների համակարգերին, անօդաչու թռչող սարքերի թռիչքի պլանավորմանն ու տվյալների կորզմանը, երկրատեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման ուսումնական պլանների մշակմանն առնչվող եւ հարակից հարցեր։
Եռօրյա վերապատրաստմանը կհետեւի աշխատաժողովը ՀՀ Կադաստրի կոմիտեում, որտեղ կներկայացվեն GeoTAK-ի հետազոտության արդյունքները եւ կքննարկվեն Հայաստանում ԵՏ տեխնոլոգիաների ոլորտում առկա կարիքները, ներկա եւ ապագա հետազոտություններն ու նորարարությունները։
ԿԳՄՍ նախարարությունում նախատեսված հանդիպմանը կքննարկվի ՀԱԱՀ-ի, ՃՇՀԱՀ-ի եւ ԵՊՀ-ի միացյալ փորձնական ասպիրանտական ծրագիրը։ Միջոցառումը կեզրափակվի ՃՇՀԱՀ-ի եւ ԵՊՀ-ռեկտորների հետ հանդիպումներով։