Մայիսի 13-ին փոխգործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ Հուշագրով նախատեսվում է գործակցության բավականին լայն շրջանակ։
Ռեկտոր Ուռուտյանը բարձր գնահատեց հուշագրով նախատեսված՝ համալսարանի մասնաշենքերի էներգաարդյունավետության բարձրացման, ուսանողների վերապատրաստման եւ փորձուսուցումների կազմակերպման, կրթական համապատասխան ծրագրերում էներգետիկ նոր տեխնոլոգիաների բաղադրիչի մշակման եւ ներդրման հնարավորությունները։ Ռեկտորը գոհունակություն արտահայտեց Շտիգեն ՍՊԸ-ի հետ մեկնարկող գործակցության հեռանկարների վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց Հայկ Շեկյանին՝ նման հնարավորության համար։
Շտիգեն ընկերության հիմնադիր տնօրենն իր հերթին պատիվ համարեց արմատական բարեփոխումների առումով երկրի բարձրագույն կրթության համակարգի առաջատար Ագրարային համալսարանի հետ գործակցության հնարավորությունը։ Պարոն Շեկյանը համալսարանի հետ գործացկությունը բարձր գնահատեց նաեւ ուսանողների՝ ապագա մասնագետների միջոցով խնայողական եւ բնապահպանական տեսակետից անվտանգ տեխնոլոգիաները Հայաստանում տարածելու իմաստով։
Հուշագրի ստորագրմանը նախորդեց Շտիգեն ընկերության մասին Հայկ Շեկյանի ներկայացումը, որով ներկաները հաղորդակից դարձան անընդհատ զարգացող, գործունեության նոր ուղղություններ ոտք դնող ընկերության տեսլականին, հաջողություններին, կրթական ծրագրերին, սկզբունքներին ու արժեքներին, որոնք հաճելիորեն համահունչ են Ագրարային համալսարանի արժեքներին։ Այս ընկերությունը, որի հաճախորդների 90 տոկոսը գյուղաբնակներն են, լավ է հասկանում գյուղատնտեսության ոլորտը մրցունակ դարձնելու գործում գիտելիքի եւ տեխնոլոգիաների ներդաշնակ համատեղման կարեւորությունը։
«Գյուղացին պետք է հողին կպած մնա՝ սա նաեւ մեր նպատակն է», ասում է Հայկ Շեկյանը։