Այսօր՝ ապրիլի 19-ին, վերտառության մեջ հիշատակված մասնագիտությունների բակալավրիատի ուսանողները պաշտպանում էին ավարտաճառերը: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահը «Վենլո» Հ/Ձ ՍՊԸ-ի արտադրության գծով մենեջեր, գ.գ.թ. Արամ Ասատրյանն էր:
Թեմաները բազմազան էին, միշտ արդիական, քանզի բնությունը ագրոնոմների առջեւ նոր-բարդ խնդիրներ է դնում եւ ասում. «Դե, լուծեք, ձեզ տեսնեմ»: Մեր երկրի համար բնորոշ ու սպառողի սիրելի մթերքներ են դիտարկվել՝ տաքդեղ, վարունգ, կարտոֆիլ, գարնանացան գարի, դեղձ, պատրինջ (դեղաբույս է)… Ուսանողների մեծ մասը ղեկավարների հետ փորձեր են դրել տնամերձ տնտեսություններում, արդյունքներն են ամփոփել, դիտարկել են մարտահրավերները, եզրակացություններ են արել եւ առաջարկություններ ներկայացրել:
-Դուք փորձը դրել եք, կարո՞ղ եք առաջարկություններ ներկայացնել ֆերմերներին,-մեկ անգամ եւս ճշտում է հանձնաժողովի նախագահը:
Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը բոլորին ասելիք ունի, հանդիմանում է.
-Բացի ռուսերենից, այլ օտար լեզվով գրականություն ինչու՞ չեք օգտագործել:
-Ինչու՞ եք 60-70-ականների բարոյապես մաշված գրականությամբ առաջնորդվել:
-Նախապաշտպանության ժամանակ այս հարցին լավ չպատասխանեցիր: Հիմա ուզում եմ տեսնել լրացրե՞լ ես բացթողումդ,- ասում է բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը:
Թերացում-թերությունները նշելու այս բոլոր փորձերի նպատակը գիտահետազոտական ասպարեզում առաջին քայլերն անող մարդկանց աջակցելն է, հուշել-ուղղորդելը ապագայի համար: Ուսանողները, հուզմունքը թաքցնելու բոլոր ջանքերը գործադրելով, պատասխանում են: Հուզված են նաեւ ղեկավարները՝ շշուկով հուշելու-քաջալերելու փորձեր են անում: Այս ամենը հասկանալի, անգամ ներելի է կողքից նայողի համար:
Թերևս ամենահետաքրքիրը Դիանա Սումբուլյանի աշխատանքն էր: 2019-ին նա ղեկավարի՝ Արմինե Աբրահամյանի հետ ուսումնասիրել է վայրի պայմաններում աճող պատրինջը մշակովի դարձնելու ճանապարհը: