Այսօր՝ մարտի 10-ին, համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆ. Պարգեւ Բալջյանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ինստիտուտի գիտական խորհրդի անդամներ, պրոֆ. Հովհաննես Թոքմաջյանը եւ պրոֆ. Աշոտ Մարկոսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների ամբիոնի վարիչ, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆ. Գուրգեն Եղիազարյանը:
Համաձայնագրով նախատեսվում է համատեղել երկու հաստատությունների գիտական, ուսումնական եւ հետազոտական ջանքերն ու առկա մտավոր ու նյութատեխնիկական ռեսուրսները՝ փոխշահավետ ծրագրերի մշակման եւ իրականացման նպատակով: Համաձայնագրի ստորագրմանը նախորդած զրույց-քննարկումը համախոհ գործընկերների ջերմ եւ խոստումնալից հանդիպում ստացվեց, մանավանդ հաշվի առնելով համալսարանի հին բարեկամ եւ ոլորտի առաջատար գիտնական Հովհաննես Թոքմաջյանի ներկայությունը:
Իրենց գործն իմացող գիտնականներն, անշուշտ բարձր գնահատելով նորագույն տեխնոլոգիաների ներդրման անուրանալի դերը, կարեւոր համարեցին մարդկային գործոնի, այս դեպքում՝ գիտնականի, երիտասարդ մասնագետի, ուսանողի դերը երկրի համար կենսական կարեւորություն ունեցող ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում էական դրական փոփոխությունների հասնելու գործում:
Այս առումով առանցքային դերակատարություն է վերապահված համալսարանի եւ ինստիտուտի գիտնականների, հետազոտողների գիտելիքներին ու հսկայական փորձին, ՋՀՀԻ հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում եւ այլ ստորաբաժանումներում ՀԱԱՀ ուսանողների նպատակային փորձուսուցումներին, ըստ անհրաժեշտության՝ համատեղ ծրագրերի ընձեռած հնարավորությունների եւ մեր ուսումնական պլանների մոտարկմանը եւ այլն:
Ինչպես հանդիպման ժամանակ արձանագրեց պարոն Թոքմաջյանը՝ մարդկության ջրային խնդիրները չեն պակասում. այս համաձայնագիրը, որ փոխադարձաբար ուժեղացնում է Ագրարային համալսարանին եւ Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտին, հավակնում է հաստատութենական հիմք ստեղծել մեր երկրի ջրային ոլորտում ակնկալվող կարեւոր ու անհրաժեշտ զարգացումների համար: