Փետրվարի 28-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատվիրակությանը՝ նորընտիր ռեկտոր Նվեր Միքայելյանի գլխավորությամբ։ Սա բարեկամ համալսարանների ռեկտորների երկրորդ հանդիպումն էր, առաջինը տեղի էր ունեցել փետրվարի 10-ին, Ագրարայինում:
Հերթական այցը միտված էր համալսարանների համագործակցության լավագույն ավանդույթների շարունակականության ապահովման եւ հետագա խորացմանն առնչվող պայմանավորվածություններն ավելի առարկայական դարձնելուն:
Ռեկտոր Ուռուտյանը գործընկերներին սիրով ծանոթացրեց Ագրարայինի նոր ենթակառույցներին: Շուշեցիները եղան Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, քիմիայի լաբորատորիաներում, ջերմատանը, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում, նաեւ ռեկտոր Միքայելյանի առաջին այցելությունից հետո անցած կարճ ժամանակահատվածում բացված եւս մեկ նորարարական կենտրոնում՝ Գարեջրագործության եւ թորման լաբորատորիայում։
ՇՏՀ ուսանողների խումբն, ի դեպ, օրեր առաջ էին եկել Ագրարային համալսարան եւ, ինչպես միշտ, ակտիվորեն ու ջանադրաբար մասնակցում են «Իմ ագրոբիզնեսը» դասընթացին։ Առհասարակ, մեր գործընկերները շահագրգռված են շարունակել ՇՏՀ ուսանողների եւ դասախոսների ակտիվ մասնակցությունը Ագրարայինում անցկացվող տարբեր դասընթացներին ու վերապատրաստման ծրագրերերին։
Շուշիի տեխնոլոգիականը, չնայած հայտնի ցնցումներին ու հարկադրյալ տեղահանմանը, ոչ միայն չի կորցրել բնորոշ նպատակասլացությունն եւ պատվախնդրությունը, այլեւ լի է վճռականությամբ՝ աշխարհին եւս մեկ անգամ ցույց տալու հայի անկոտրում ոգին ու հայ հանճարի ստեղծարար ուժը։