Արցախի տարբեր շրջաններից հինգ անասնաբույժներ վերապատրաստման դասընթաց են անցել ՀԱԱՀ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնում: «Արցախի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Արցախի Հանրապետությունում մասնավոր անասնաբուժության կայուն սպասարկում» նախագծի շրջանակում արցախցի անասնաբույժները արհեստական սերմնավորման դասընթաց անցան՝ վերոնշյալ ՀԿ-ի մասնագետների ուժերով:
Անասնաբույժների ազգային ասոցիացիայի ղեկավար Արման Օհանյանը բարձր է գնահատում ՀԱԱՀ Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի տեխնոլոգիապես հագեցած և մուլյաժներով կահավորված արհեստական սերմնավորման լսարանի հնարավորությունները: Լսարանի ստեղծման գաղափարի հիմքում հենց ուսանողների եւ գործող անանասնաբույժների համար արդյունավետ գործնական մասնագիտական պատրաստվածություն ապահովելն էր:
Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը դարձել է այն վայրը, որտեղ ուսանողը համոզվում է իր մասնագիտական ճիշտ կողմնորոշվածության մեջ եւ սիրահարվում մասնագիտությանը եւ այն վայրը, որտեղից ֆերմերներն ու գործող անասնաբույժները դուրս են գալիս՝ աշխատաշուկայի համար ավելի մրցունակ մասնագետներ դարձած: