ՌԶԳ-ի հետ գործակցության հերթական բարի պտուղը

Շարունակվում է Ռազմավարական զարգացման գործակալության հետ իրականացվող վերապատրաստման ծրագիրը: Հիշեցնենք, որ ՌԶԳ-ի հետ կնքված գործակցային հուշագրի համաձայն հաջողությամբ իրականացվել են ՀԱԱՀ դասախոսների վերապատրաստումներ՝ «Դասավանդման եւ գնահատման հիմունքներ» եւ «Ինչպես զարգացնել ուսումնական հաստատության կայունությունը, հայթայթել ռեսուրսներ եւ տրամադրել վճարովի ծառայություններ» թեմաներով, ինչպես նաեւ «Ագրոձեռնարկատիրություն» թեմայով դասընթաց՝ տարբեր շահառուների համար:

Ծրագրին բավարար ժամաքանակով մասնակցած մասնակիցները ստացել են ավարտական հավաստագրեր: Մասնակիցները, առավել քան հավաստագրերը, կարեւոր են համարում ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները, ձեռք բերած գործարար ու ընկերական նոր կապերը, սեփական աշխատանքի արդյունավետության բարձրացման հնարավորությունը եւ գյուղատնտեսական բիզնեսում ուժերը փորձելու հնարավորություններին ծանոթանալը: Այս վերջին հարցում, ինչպես նշեցին մի քանի մասնակիցներ, վերապատրաստման ծրագրի շնորհիվ ձեռք են բերել սեփական ուժերի հանդեպ շատ ավելի մեծ վստահություն, քան ունեին նախքան ծրագրի շահառու դառնալը: Ոմանք արդեն ունեն գյուղատնտեսական ստարտափ գաղափարներ, եւ վստահությունից բացի, այստեղ նաեւ իմացան դրանք իրականություն դարձնելու հնարավորությունների մասին, որ տալիս են ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը եւ ICARE հիմնադրամի ԱԳՐԻ ՔԵՄՓ նախագիծը:

Կարելի է վստահաբար արձանագրել, որ վերապատրաստման ծրագիրը  իրականացվեց ՌԶԳ-ի հետ այս տարվա մարտ ամսին կնքված փոխըմբռնման հուշագրի ոչ միայն տառին, այլեւ ոգուն համապատասխան: Շնորհակալություն մեր հուսալի գործընկերոջը, որի հետ գործակցությունն, ի դեպ, վերապատրաստումներով չի սահմանափակվում. համատեղ աշխատանքը ներառում է, օրինակ, այնպիսի կարեւոր նախագծի իրականացում, ինչպիսին է Կաթնամթերքի վարպետաց դպրոցի նորարարական գաղափարի իրականացումը Բալահովիտի մեր տնտեսությունում: