Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական հերթական պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելեց ՀԱԱՀ Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսություն՝ ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն էր ծանոթանալ մեր համալսարանի այս ստորաբաժանման ընդհանուր գործունեությանը, մասնավորապես՝ ֆերմերային տնտեսությանը, կացարանին ու կաթնամթերքի ուսումնական արտադրամասին, որտեղ մոտ ապագայում ուսանողները հնարավորություն կունենան 7-օրյա ուսումնական փորձուսուցում անցնել։
Ինչպես տեղեկացնում է պարոն Ալիյանը, փորձուսուցման առաջին մասնակիցները կլինեն հենց մեր արցախցի բարեկամները՝ Շուշիի տեխնոլոգիականի ուսանողները։ Մեր համալսարանի հերթական նորարարական ենթակառույցը՝ Բալահովիտի ՈւՓՏ-ի Կաթնամթերքի վարպետաց դպրոցը մոտ ապագայում կբացի իր դռները ոչ միայն ՀԱԱՀ-ի, այլեւ ՇՏՀ-ի ուսանողների առջեւ՝ որպես լիիրավ շահառուների:
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, անկեղծ հարցուպատասխանի, ՀԱԱՀ-ի ու ՇՏՀ-ի ուսանողների բազմակողմանի համագործակցության հետագա զարգացման հարցում երկուստեք պատրաստակամության արտահայտման պայմաններում: ՀԱԱՀ Ուսանողական խորհրդի անդամները եւս մեկ անգամ հավաստիացրին, որ մեր համալսարանի դռները մշտապես բաց են Շուշիի տեխնոլոգիականի ուսանողների եւ դասախոսների առջև։