Մագիստրոսական եւ բակալավրիատի դիպլոմներ ստացան Ագրոնոմիական ֆակուլտետի շրջանավարտները: Բնապահպանություն եւ բնօգտագործում մասնագիտության կայուն գյուղատնտեսության կրթական ծրագրի 9 շրջանավարտներից 6-ը գերազանցության դիպլոմների արժանացան:
Հանդիսավոր արարողության ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ով բարի երթ մաղթելով շրջանավարտներին, հպարտությամբ նշեց, որ այս սերունդն էլ պատվով դուրս եկավ վերջին տարիների փորձություններից եւ մտնում է կյանքի նոր շրջափուլ, որտեղ եւս բազմաթիվ անլիքներ ունի: Նա համալսարանի անունից պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցում աջակցելու իրենց սաներին՝ կլինի նոր մասնագիտությունների ձեռքբերման, կարճաժամկետ դասընթացների, թե խորհրդատվության առումով:
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան պարոն Տեր-Գրիգորյանն էլ համաշխարհային զարգացումների այս փուլում խիստ կարեւորեց պարենամթերքի անվտանգության եւ շրջակա միջավայրի հետ կապված մասնագիտությունների դերը եւ շրջանավարտների դերակատարությունն այս բնագավառներում:
Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեցին նաեւ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանը:
Շնորհակալական խոսք ասացին նաեւ շրջանավարտները. մասնավորապես Մեսրոպ Քոլոզյանը նշեց, որ աշխատանք չի փնտրելու մայրաքաղաքում, վերադառնալու է հայրենի գյուղ եւ իր աշխատանքով ու ստացած գիտելիքներով նպաստի համայնքի տնտեսության զարգացմանը:
Շրջանավարտներին հանդիսավորապես դիպլոմերը հանձնեց ռեկտոր Ուռուտյանը: