Հունիսի 15-18-ը առցանց ձեւաչափով տեղի է ունեցել «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքագրման եւ կառավարման միջոցով» թեմայով դասընթացը, որն իրականացվում էր «Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակագման բաժնի միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ:
«Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ տեսական եւ գործնական գիտելիքներ կենսաբազմազանության եւ ԴՆԹ-ի բարկոդավորման տվյալների վերաբերյալ՝ կենտրոնանալով «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» (ԳԿՏՄ/GBIF) եւ «Կյանքի բարկոդավորման տվյալների համակարգ» (ԿԲՏՀ/BOLD) հարթակներում հասանելի օրգանիզմային եւ մոլեկուլային տվյալների հրապարակման եւ օգտագործման վրա, նպաստելով կենսաբազմազանության հետազոտությունների արդի մեթոդների կիրառմանը ագրոկենսատեխնոլոգիայի, գյուղատնետեսության, բնապահպանության եւ հարակից ոլորտներում», – ասաց տիկին Աբրահամյանը։
Դասընթացին մասնակցում էին Հայաստանի եւ Վրաստանի բուհերի կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտների ուսանողներ, ասպիրանտներ եւ երիտասարդ գիտնականներ: Դասընթացը հագեցած էր ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական վարժությունների ինտերակտիվ համադրությամբ: Մասնակիցները սովորեցին կատարել գենետիկական տվյալների դիտարկում եւ հավաքագրում անալոգային եւ թվային աղբյուրներից՝ կենսաբազմազանության ոլորտում հետազոտությունների խթանման համար:
Հայաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են գործնական վարժություններին, քննարկումներին: Որպես արդյունք՝ Տ. Ալոյանը, Վ. Ասատրյանը եւ Ա. Ղրմաջյանը արժանացան նաեւ խրախուսական մրցանակների: