Հանդիպում ՈՒԳԸ նախաձեռնությամբ. իրադարձությունները, հատկապես մեր տարածաշրջանում, արագ են զարգանում

Այսօրվա համաշխարհային եւ տարածաշրջանային արագ զարգացումներում գրեթե բոլոր «խաղացողները» առաջնորդվում են կարճաժամկետ լուծումներ որոնել-գտնելով: Այս կարծիքին էր մեր այսօրվա (մայիսի 11) հյուրը՝ արեւելագետ, պատմագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ դասախոս եւ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող Սարգիս Գրիգորյանը:

Զրույցը սկսվեց Միջին կամ Մերձավոր Արեւելք եզրույթի ծագումից, որի շրջագծի մեջ, ըստ արեւմտյան ընկալումների, գտնվում է նաեւ մեր հայրենիքը՝ եւ՛ պատմական, եւ՛ ժամանակակից սահմաններով:

Բանախոսը հստակ նշեց այս տարածաշրջանի բովանդակային առումով գլխավոր բնորոշումները՝ բարձրորակ էներգակիրների, համաշխարհային առեւտրի ծովային հանգուցային մայրուղիների առկայություն, ամենառազմականացված, կոնֆլիկտածին՝ հանգուցալուծման սակավ միջոցներով, համաշխարհային երեք կրոնի բնօրրան:

Այս անդադար եռացող կաթսայում տեղեկատվական հոսքերը ազդում են իրադարձությունների եւ զարգացումների վրա: Եւ Հայաստանն ունի մեծ ներուժ լուծումներ գտնելու եւ իրավիճակը վերահսկելու տեսանկյունից:

Այս առումով անգնահատելի է պարզապես Հայ Առաքելական Եկեղեցու եւ Սփյուռքի կառույցների դերը, համախմբող նշանակությունը:

Բանախոսը ուղիղ աշխատեց լսարանի հետ: Ուշադրությամբ ունկնդրեց բոլորի կարծիքները, տեսակետները: Կարծում ենք, մասնակիցները բարձրացված հարցերի շուրջ դեռ երկար մտորելու կարիք-անհրաժեշտություն կունենան:

Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ, տեխ. գ. թ., դոցենտ Արմեն Աղասարյանը շնորհակալություն հայտնեց պարոն Գրիգորյանին ահռելի նյութի հետաքրքիր մատուցման համար: Եւ նկատեց, որ նման օգտաշատ նախաձեռնությունները պետք է լինեն շարունակական: