TOPAS Էրազմուս+ նախագծի շրջանակում, Եւրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից դեպի գործնական կրթություն» ծրագրի շրջանակում լույս է տեսել «Ուսանողական պրակտիկայի, գյուղատնտեսական տվյալների հավաքագրման եւ ուսանողակենտրոն ուսուցման լավագույն փորձի վերաբերյալ ձեռնարկը»՝ անգլերեն եւ հայերեն պրակներով: Հեղինակների խմբում ծրագրի մասնակից համալսարանների համակարգողներն են: ՀԱԱՀ-ը ներկայացնում են միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը եւ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը:
«Տնտեսության կառավարման տվյալներ» գլխում Անի Պետրոսյանը եւ Լիանա Խաչատրյանը ներկայացրել են իրավիճակը Հայաստանում: Նրանք նկատում են, թե ճշգրիտ տվյալները ճիշտ որոշումներ կայացնելու բանալին են, քանի որ տվյալների հավաքման սխալ մեթոդաբանությունը խոցելի ու ոչ ստույգ է դարձնում ցանկացած վերլուծություն:
Պրակի՝ «TOPAS նախագծի գործընկեր համալսարաններում իրականացվող ուսանողների պրակտիկաների լավագույն փորձը» բաժնում, բնականաբար, ներկայացված են նաեւ ՀԱԱՀ-ի նվաճումները: Իսկ թերությունները, խոչընդոտները վերացնելու նպատակով պատասխանատուները դիտարկել են հատկապես գերմանական գործընկեր համալսարանների գերազանց օրինակները:
«Ուսանողակենտրոն ուսուցում, դասավանդում եւ գնահատում» գլխում պարոն Համբարձումյանը ներկայացրել է դասավանդման ժամանակակից մեթոդները, դրանք լավագույնս կիրառելու, մատուցվող նյութը սովորողներին լիովին հասու դարձնելու ճանապարհները:
Համոզված ենք, այս շատ հետաքրքիր ձեռնարկը օգտաշատ կլինի եւ´ դասախոսների, եւ´ ուսանող-մագիստրանտ-ասպիրանտների համար: