Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բուռն կերպով ընթանում են պրոֆեսորադասախոսական անձնակազմի համընդհանուր մասնագիտական վերապատրաստումներ: Վերապատրաստման դասընթացների կազմակերպման ու համակարգման գործընթացում ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը որպես առաջնահերթ խնդիր դիտարկում է դրանց արդյունավետությունը եւ նպատակայնությունը՝ չնայած դրանց աննախադեպ ծավալին ու ընդգրկմանը:
Շարքը սկսվել է Բարձրագույն մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ամբիոնի դասախոսների առցանց վերապատրաստումներով: Դասընթացավարը ԵՊՀ-ի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Դիֆերենցիալ հավասարումների» ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Աղավարդի Խաչատրյանն էր, թեման՝ «Ոչ գծային ինտեգրալ եւ ինտեգրա-դիֆերենցիալ հավասարումները»:
Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի դասախոսները երկու շաբաթ վերապատրաստում են անցել Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հիգիենայի եւ էկոլոգիայի» ամբիոնում:
Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտում, կ.գ.թ. Մ. Քալաշյանի ղեկավարությամբ։ Թեման Հայաստանի միջատների ֆաունայի ընդհանուր բնութագիրը, տարբեր խմբերի ուսումնասիրվածության աստիճանը եւ հիմնախնդիրներն էին:
Վերապատրաստումները շարունակվում են՝ ծրագրի մեջ ընդգրկելով ՀԱԱՀ-ի նշված եւ մի շարք այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց այս կարեւոր առաքելությանը:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման պահանջն ու քաղաքականությունը, ըստ էության, հանդիպել են դասախոսների՝ ձեւական մոտեցումներից զերծ ու խանդավառ վերաբերմունքին: ՀԱԱՀ դասախոսների շարունակական կրթության ու վերապատրաստման անընդհատ ընթացքի մեկնարկը տրված է: