Պետական պաշտոնյաները գոհունակությամբ ծանոթացան ՀԱԱՀ-ի բարեփոխումներին

ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Գարիկ Սարգսյանը եւ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանը Ագրարային համալսարան իրենց այցի ընթացքում ծանոթացան համալսարանում իրականացվող բարեփոխումների ընթացքին, եղան համալսարանի մի շարք նորաստեղծ ենթակառույցներում։

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը եղան Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում, Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, ուսումնական ջերմատանը, Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում։ Նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան յուրաքանչյուր ենթակառույցի գործառույթներին եւ ընթացիկ աշխատանքներին՝ միաժամանակ հետաքրքրվելով դրանց հետագա զարգացման հեռանկարներով եւ հնարավոր գործակցության ուղղություններով։ Այդպիսի հեռանկարային ուղղությունները քիչ չեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ագրարայինում ստեղծված ենթակառույցները ուսումնականից բացի նաեւ նշանակալից հեռանկարներ ունեն ընդհանրապես երկրում գյուղատնտեսական գիտության եւ խորհրդատվության զարգացման, ինչպես նաեւ ոլորտում գործող մասնագետների, ֆերմերների վերապատրաստման հարաճուն պահանջարկի բավարարման տեսակետից։

Բարեփոխումների ընթացքին ծանոթացնելիս պարոն Ուռուտյանը տեղեկացրեց առկա եւ հեռանկարային մասնագիտական աշխատատեղերի վերաբերյալ արտադրությունից եկող ազդակների մասին, որոնք  հստակ կերպով ցույց են տալիս նոր ուսումնական պլանների եւ առարկայական ծրագրերի գործնական նշանակությունը։

Ծանոթացնելով համալսարանում իրականացվող բարեփոխումներին, ՀԱԱՀ ռեկտորը ներկայացրեց նաեւ ընթացիկ նախագծերը, ինչպես օրինակ՝ Ֆրուտենիա, Ագրոճամբար, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն մեգանախագծերը:

Պետական պաշոնյաները գոհունակություն արտահայտեցին Ագրարային համալսարանում իրականացված եւ ընթացիկ կրթական, գիտական ու հետազոտական ծրագրերի ու նախագծերի վերաբերյալ։ Ավելին, կրթական ոլորտի զարգացման առումով պետության առջեւ ծառացած ընդհանրական խնդիրների լուծման տեսակետից հյուրերը ոգեւորված էին այն ամենով, ինչ արդեն այսօր հաջողվել է իրականացնել Ագրարային համալսարանի ռեկտորին եւ համալսարանի հանրույթին։