Փետրվարի 26-ին ստորագրվեց գործակցային հերթական հուշագիրը հերթական հուսալի գործընկերոջ՝ Արաքս թռչնաֆաբրիկայի հետ: Հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ նոր ընթերցասրահում։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործընկերության համար շնորհակալություն հայտնեց Արաքս թռչնաֆաբրիկայի պատվիրակությանը եւ հույս հայտնեց, որ ֆաբրիկայի եւ համալսարանի գործակցությունը երկարաժամկետ ու նպատակային կլինի՝ ընդգրկելով ոչ միայն ուսանողների փորձուսուցումները, այլեւ վերապատրաստումները, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող կրթական ու գիտագործնական այլ ծրագրեր ու միջոցառումներ։
Արաքս թռչնաֆաբրիկայի տնօրեն Մուշեղ Հակոբյանի խոսքով, լավ կադրերի պահանջարկ ունի ոչ միայն ֆաբրիկան, այլեւ ընդհանրապես ոլորտը։ «Այսօր մեր երկրում շատ պահանջարկված են անասնաբույժները, անասնաբույծները, կերի տեխնոլոգները։ Ընդ որում ոլորտը մասնագետների կարիք ունի թե թռչնաբուծության, թե տավարաբուծության եւ թե խոզաբուծության ճյուղերում»,- նշեց պարոն Հակոբյանը եւ հավելեց, որ ՀԱԱՀ-ի հետ գործակցությունը հենց այդ պակասը լրացնելու միտում ունի։ Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ այս պահին ՀԱԱՀ-ի 20 շրջանավարտ աշխատում է իրենց ընկերությունում։
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխն․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանը հուշագրի ստորագրումը ողջունեց ավելի լայն՝ երկրի պարենային ապահովման ու անվտանգության համատեքստում։ «Հաշվի առնելով սննդի արտադրության ոլորտում տեխնոլոգների մեծ պահանջարկը, այս գործակցության շրջանակում մեր համալսարանի ու մեր գործընկերների համատեղ քայլերը ուղղված են մասնագիտական աշխատաշուկայի պահանջարկի բավարարմանը»,- ասաց պարոն Դավեյանը։
Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, դոցենտ Մարինա Կարախանյանը վստահեցրեց, որ գործընկերության երկու կողմերի մասնագետները սերտորեն կհամագործակցեն, մասնավորապես՝ ուսանողներին գործուղելով ֆաբրիկայի մորթի եւ կիսապատրաստվածքների արտադրամասերում աշխատելու ու հմտանալու նպատակով։
Հիշյալ ամբիոնի դասախոս, դոցենտ Աննա Դաշտոյանն իր հերթին համագործակցելու պատրաստակամություն հայտնեց, նշելով, որ ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ Արաքս թռչնաֆաբրիկայի համբավը, մսամթերքի արտադրության ոլորտում կարիերա սկսելու՝ մեր ուսանողների հետաքրքրվածությունը եւ երկուստեք մասնագետների միջեւ արդեն ձեւավորված կապը թույլ կտան հաջողություն արձանագրել հուշագրով նախատեսված ուղղություններում։
ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը հավաստիացրեց, որ Արաքս թռչնաֆաբրիկայում փորձուսուցում անցնող ուսանողները «սիրահարվում են իրենց գործին»։ Իսկ թերությունները, որ ամեն գործի ընթացքում էլ լինում են, համատեղ ջանքերով ավելի դյուրին կլինի հաղթահարել։ Տիկին Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ մասնագիտական կարիերայի հարցում շատ կարեւոր իրադարձությունը՝ ՀԱԱՀ աշխատանքային ամենամյա տոնավաճառը, որ գործատուի եւ երիտասարդ մասնագետի հանդիպման լավագույն հնարավորությունն է, այս տարի տեղի կունենա մայիսի վերջին։