Գիտության մեթոդաբանության եւ առեւտրայնացման ուղղությամբ լուրջ քայլ առաջ՝ FAST-ի հետ գործակցությամբ

Փետրվարի 13-ին ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ «Գիտության հետազոտման մեթոդաբանություն և գիտության առևտրայնացում» մոդուլի շնորհանդեսը: ՀԱԱՀ-ի մագիստրանտների համար նախատեսված փորձնական դասընթացը Ագրարային համալսարանի եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործակցության արդյունքն է՝ Բրիտանական խորհրդի Creative Spark նախաձեռնության մաս կազմող #SciNova ծրագրի շրջանակում: Ծրագրի գործընկերը Միացյալ Թագավորության Ասթոնի համալսարանն է։ Դասընթացը վարելու են FAST հիմնադրամի փորձագետները:

Վեց ամիս տևողությամբ ծրագրի ընթացքում «Սննդամթերքի անվտանգություն» և «Ագրոբիզնես և ֆինանսներ» կրթական ծրագրերի մագիստրանտները կծանոթանան հետազոտություն կատարելու հիմունքներին, մեթոդաբանությանը, գրականության մշակման առանձնահատկություններին, հետազոտության արդյունքների ներկայացման եղանակներին և ձևերին, ինչպես նաեւ գիտության արդյունքների առեւտրայնացման հիմունքներին:

Փորձնական ծրագրի հաջող իրականացման պարագայում (որում ծրագրի պատասխանատուները որեւիցե կասկած չունեն), այն կինտեգրվի համալսարանի ուսումնական պլանում:

«Ագրարային համալսարանի հետ գործակցության այս ձեւաչափը գիտության արդյունքների առեւտրայնացման խնդրի լուծման արդյունավետ միջոց է, մանավանդ՝ հաշվի առնելով համալսարանի արդիականացման ակնհայտ հաջող ընթացքը եւ դասընթացը վարելու համար FAST հիմնադրամի՝ ընտրված փորձագետների մասնագիտական պատրաստվածությունը», – ծրագրի բացման իր խոսքում նշեց FAST հիմնադրամի փոխնախագահ Սուզաննա Շամախյանը: Նա հավելեց, որ 25 մագիստրանտների համար նախատեսված դասընթացը վստահաբար արդյունավետ կլինի երիտասարդների՝ գիտության ոլորտ գնալու, գիտության արդյունքների առեւտրայնացման՝ ՀԱԱՀ-ի նոր քաղաքականության եւ առհասարակ ագրոթեք ուղղվածության գերազանցության կենտրոն դառնալու՝ համալսարանի որդեգրած ուղին հարթելու տեսակետից:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը համագործակցության համար շնորհակալություն հայտնեց FAST-ի ու Բրիտանական խորհրդի գործընկերներին: Տեղեկացրեց հիմնադրամի հետ գործակցաբար համալսարանում հիմնվող եւս մեկ կարեւոր կենտրոնի՝ կենսատեխնոլոգիաների ինկուբատորի մասին, որը, մասնավորապես, կենսատեխնոլոգիական ստարտափերի զարգացման մեծ ներուժ ունի:

«Այսօր մենք գիտության արդյունքների եւ տեխնոլոգիաների կիրառման առեւտրայնացման լուրջ խնդիր ունենք: Փորձնական ծրագիրը մեզ թույլ կտա հասկանալ՝ ինչն է մեզ խանգարում պատշաճ ձեւով ներկայացնել եւ առեւտրայնացնել մեր ստեղծած գիտական արդյունքը: Այս առումով, իհարկե, արդեն դրական օրինակներ ունենք, մանավանդ՝ այն դեպքերում, երբ մասնավոր հատվածն է մասնակցում գիտական գաղափարի իրականացման գործընթացում»,-ասաց պարոն Ուռուտյանը եւ հավելեց, որ փորձնական ծրագրի հաջողության պարագայում, որում համագործակցության կողմերը լիահույս են, համալսարանը պատրաստ է այս արդիական դասընթացը ներդնել մագիստրատուրայի մակարդակում:

Այնուհետեւ մասնակիցներին ներկայացան չորս դասընթացավարները՝ Անահիտ Հովհաննիսյանը, Անաստասիա Տյուրինան, Աստղիկ Հակոբյանը եւ Սմբատ Գեւորգյանը, բոլորն էլ երիտասարդ, բայց գիտական, հետազոտական, խորհրդատվական եւ կրթական ծրագրեր իրականացնելու լուրջ միջազգային ու տեղական փորձով:

Ագրոթեք ինկուբատորում դասընթացի առաջին դասն անցկացրեց Աստղիկ Հակոբյանը: