Դեկտեմբերի 2-ին գործակցության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հուշագրով նախատեսվում է փորձի փոխանակման, ուսանողների փորձուսուցումների եւ ԱԱՏՄ եւ ՀԱԱՀ աշխատակիցների վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում գործակցության բավականին լայն շրջանակ:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ըստ արժանվույն գնահատելով ԱԱՏՄ-ի հետ կնքված հուշագիրը, շնորհակալություն հայտնեց ԱԱՏՄ-ի մասնագետներին եւ ՀԱԱՀ-ի Կենսագործունեության անվտանգության ամբիոնին, որոնց համատեղ նախնական աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ հանգել գործակցության շարունակականությունն ու արդյունավետությունը նախանշող հուշագրի ստորագրմանը:
Այս գործակցությունը պարոն Ուռուտյանը կարեւոր համարեց մի շարք առումներով՝ ուսումնական պլանների արդիականացման հարցում ԱԱՏՄ-ի մասնագետների ներգրավումը, փորձի փոխանակման եւ վերապատրաստման դասընթացների միջոցով երկուստեք մասնագետներին տեսական ու գործնական նորագույն գիտելիքներին ու հմտություններին հասու դարձնելը, ԱԱՏՄ-ում ուսանողների փորձուսուցման կազմակերպումը, ի վերջո ԱԱՏՄ-ի՝ գնալով ավելի մեծ կարեւորություն ձեռք բերող առաքելության արդյունավետ իրականացման միտումով տեսչական մարմնի համար մասնագիտական կադրեր պատրաստելը:
Ռեկտոր Ուռուտյանը համուզմունք հայտնեց, որ առողջապահական եւ աշխատանքի անվտանգության ոլորտում կարճաժամկետ արդիական կրթական ծրագրերը կարող են լավ գործիք լինել հուշագրով սահմանված նպատակների իրականացման հարցում: «Միջազգային չափորոշիչների հիման վրա կազմված եւ հաջողությամբ իրականացվող մեր մի քանի նման ծրագրերի փորձը, ինչպես օրինակ՝ Ջերմատնային մշակաբույսերի արտադրության եւ կառավարման 10-ամսյա ծրագիրն է, կարող է լավագույն օրինակ ծառայել նաեւ առողջապահության եւ աշխատանքի անվտանգության ոլորտում նման կրթական ծրագիր իրականացնելու համար»,- ասաց պարոն Ուռուտյանը:
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը ՀԱԱՀ-ի հետ հուշագրի ստորագրումը եւ առհասարակ բուհական համակարգի հետ տեսչական մարմնի համագործակցությունը կարեւոր համարեց երկրում առողջապահական եւ աշխատանքի անվտանգության համակարգի կայացման առումով: Պարոն Ավագյանը շեշտադրեց տեսուչների վերապատրաստման, ինչպես նաեւ բուհ-աշխատաշուկա խզված կապի վերականգնման ու առողջացման անհրաժեշտությունը: Տեսչական մարմնի ղեկավարը վստահություն հայտնեց Ագրարային համալսարանի հետ նախանշված ծրագրերի արդյունավետ իրականացման հարցում, մանավանդ հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման գործում ԱԱՏՄ-ի գործառույթների առաջիկա զգալի ընդլայնումը, արհմիությունների դերի սպասվող բարձրացումը եւ անշուշտ՝ ԱԱՏՄ եւ ՀԱԱՀ ԿԱ ամբիոնի նվիրյալ մասնագետների երկուստեք պատրաստակամությունն ու պրոֆեսիոնալ մոտեցումը, ինչպես նաեւ ռեկտոր Ուռուտյանի՝ բարեփոխիչ գործունեության համբավը: