Հոկտեմբերի 3-9-ը ՀԱԱՀ կամավորների 11 հոգանոց խումբը՝ հիմնականում ստորաբաժանումների ղեկավարներ, ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնեց Արցախ: Այդ մասին նյութ պատրաստելու մեր փորձերը բոլորը միահամուռ, նույն հիմնավորմամբ ձախողում-տապալում էին. «Անհարմար է, մի գրեք, ի՞նչ ենք արել որ: Այ, ուրիշ բան, եթե գրեք արցախցիների տոկուն, կամային հատկանիշների մասին: Նրանց ոչ ոք ընկճել չի կարող՝ #հաղթելուենք»:
Համաձայն ենք, ճիշտ են ասում, այս մասին ընդարձակ հուշեր կգրենք հաղթանակից հետո: Բայց հիմա պարզապես արձանագրենք. ԱՀ տարածքում ոտք դնելու հենց առաջին պահերից մինչեւ վերջինը, մեր գործընկերներն աշխատել են գրադի, ԱԹՍ-ների դադար չունեցող կրակահերթերի ներքո՝ սկզբում Ստեփանակերտում, հետո՝ Շուշիում: Բայց համալսարանում մեզ խոստացել էին. «Անկորուստ ետ կգանք»: Եւ, փառք Աստծո, տեր եղան իրենց խոստմանը:
Ագրարայինի ջոկատը կարեւոր դեր է խաղացել թիկունքի եւ մատակարարման կազմակերպման աշխատանքներում:
Մերոնք ապաստարաններում հաճախ են տեսել պատսպարված կանանց ու փոքրիկների, որոնք անտրտունջ, ըմբռնումով, կազմակերպված, երեխաները՝ մեծավարի, կրում են ահեղ, բարբարոս պատերազմի արհավիրքները՝ հաղթանակի համոզմունքով: Հաղթանակի սպասումով:
Ի դեպ, ագրարայինցիները վկան են Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման, արարք, որ պարզապես ապտակ է քաղաքակրթության դեմքին…
Ագրարայինցիների ջոկատի աշխատանքը բարձր են գնահատել. ԱՀ գյուղնախարար Աշոտ Բախշիյանը շնորհակալագրեր է հանձնել բոլորին: Արցախցիները Մոնթեի գեղանակարն են նվիրել, որը պատվավոր տեղ կունենա ՀԱԱՀ պատմության թանգարանում՝ մեր ջոկատի տասնմեկ անդամի ստորագրություններով: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Արեւիկ Հարությունյանը նկարը մակագրել է. «Ագրարային համալսարան, այնքան բան կա ձեր մասին պատմելու, բայց թողնենք պատերազմից հետո»:
Թողնենք, հաղթական ավարտից հետո: #հաղթելուենք
Հ.Գ. Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Սմբատ Դավեյանը նկատեց. «Կազմակերպված, համերաշխ, աշխատանքային խումբ էր: Հին ընկերներին, նոր, ավելի առինքնող կողմից ճանաչեցինք»: