Ռազմավարական նշանակության ծրագիր. ծրագիր՝ միտված հանրային առողջության ռիսկերի նվազեցմանը

Ընթացիկ տարվա մարտից ՀԱԱՀ-ում մեկնարկեց «Հյուսիսային Կովկասում զոոնոտիկ ինֆեկցիաների քարտեզագրում» ծրագիրը, որը միտված է ՀՀ-ի՝ զոոնոտիկ ինֆեկցիաների տեսակետից վտանգ ներկայացնող տարածքների հողագիտական, աշխարհաերկրաբանական, անասնաբուժական, գյուղատնտեսական եւ կլիմայական չափանիշների բնութագրմանը:

ՀԱԱՀ սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Աստղիկ Փեփոյանին խնդրեցինք պատմել մեկնարկած ծրագրի մասին: Ինչպես միշտ, սակավախոս դոկտ. Փեփոյանը «կցկտուր» տեղեկություն հաղորդեց, սակայն դա էլ մեզ թույլ է տալիս ենթադրելու, որ երկրում հանրային առողջության պահպանման, ռիսկերի նվազեցման ուղղությամբ շատ կարեւոր գործ է արվելու:

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ ՀԱԱՀ-ի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը կհավաքի եւ կգնահատի ՀՀ-ում զոոնոտիկ հիվանդությունների վերաբերյալ առկա տվյալները: Զոոնոտիկ հիվանդությունների քարտեզագրումը հիմք կհանդիսանա կենսաբանական ռիսկների գնահատման միջոցով ՀՀ անվտանգության մի շարք միջոցառումների իրականացմանը՝ նոր մեթոդաբանության մշակում, մարդու եւ կենդանիների հիվանդությունների ուժեղացված հսկողություն»,- ասաց դոկտ. Փեփոյանը: