Այսօր, հուլիսի 30-ին, «Կրթությունը ներսից» նախագծի հերթական թողարկման շրջանակում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը զրույցի էր հրավիրել ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանին, ոլորտի այլ պատասխանատուների եւ փորձագետների: Թեման նվիրված էր մարզերից երիտասարդների հոսքին դեպի Երեւան, որը ասես վեր է ածվում քաղաք-պետության:
Հաղորդման հեղինակը նկատեց, թե թռիչքային տեմպով է զարգանում ագրարային համալսարանը, եւ անկեղծորեն հիանում է մեր բուհի նվաճումներով: Սակայն, ի՟նչ է անում ՀԱԱՀ-ը, որպեսզի իր շրջանավարտները ուսումնառությունից հետո վերադառնան հայրենի եզերք:
«Կրթությունը իրականում շատ կարեւոր դեր ունի եւ տարածքային եւ մարդկային ներուժի զարգացման, եւ լավ կյանքի որակ ունենալու համար: Ագրարայինը բուհերից ամենասփռվածն է մարզերում՝ մասնաճյուղեր կան Սիսիանում, Վանաձորում, քոլեջ Շիրակում: ՈՒՓ տնտեսություններ Արմավիրում, Կոտայքում: Ըստ էության բուհը շատ ամուր կապ է պահում մարզերի, բնակչության, երիտասարդության հետ: Շատ կարեւոր է, որ բարձրակարգ կրթություն տանք մեր մարզերի ուսանողներին, որպեսզի հետագայում վերադառնան մարզ, ինտեգրվեն ու հաջողությամբ զբաղվեն տնտեսական գործունեությամբ»,-ասաց ռեկտորը:
Բուհը նաեւ փորձում է ագրարային ոլորտում ներդրումների պատրաստակամություն հայտնած անձանց եւ ուսանողների միջեւ կապեր հաստատել՝ լավ աշխատանքի շոշափելի հեռանկարով: Ուսումնական պլանների փոփոխությունները կատարելիս, արդիականացնելիս, հաշվի են առնվում մասնավոր սեկտորի կարիքները, գործատուների, աշխատաշուկայի պահանջները: Վերջինը՝ աշխատաշուկան, պետք է ներգրավվի բուհի գործունեության մեջ:
Որակապես փոփոխվում է ուսումնաարտադրական փորձուսուցման կազմակերպումը, որի շնորհիվ այն իսկապես արդյունավետ է դառնում, իսկ վերջնարդյունքն էլ՝ գոհացուցիչ է լինում: Փորձուսուցման մասնակից ուսանողը արտադրությունում պետք է դիտվի իբրեւ կրտսեր գործընկեր: Ագրարայինը մի նորամուծություն էլ ունի բակալավրիատի վերջին կիսամյակը ամբողջությամբ տրամադրվում է աշխատանքային փորձուսուցմանը:
Մարզերի հետ կապերի աշխուժացման տեսակետից կարեւոր է, որ ֆակուլտետների դեկանները այցելում են մարզեր, հանդիպումներ են ունենում, արձանագրում են համայնքներում առկա խնդիրները, որոնք էլ դիպլոմային աշխատանքների, մագիստրոսական թեզերի կատարման հիմքում են դրվում: Նպատակ կա, որ այդ աշխատանքները պաշտպանեն հենց մարզում: Այս ամենն ավելի «կջերմացնի» շփումները, կմերձեցնի բուհը մարզին:
Դիմելով ավագ դպրոցի շրջանավարտներին, պարոն Ուռուտյանն ասաց. «Ագրոգիտությունը, ագրոճարտարագիտությունը ապագայի մասնագիտություններ են եւ սնունդը, սննդագիտությունը, սննդագիտության անվտանգությունը մշտապես լինելու են պահանջված: Այսօր ՀԱԱՀ-ը փոխակերպվում է որպես ագրոտեխնոլոգիական համալսարան: Աշխարհն այդ ուղով է գնում: Երիտասարդների համար այդքան հրապուրիչ բարձր տեխնոլոգիաները այսօր լայնորեն կիրառվում են ագրարային ոլորտում: ՀԱԱՀ-ում գործում է Հայաստանում առաջին ագրոտեխնոլոգիական ինկուբատորը, որի ծրագրին մասնակցում են աշխարհի ութ երկրից 16 թիմ եւ 60 անհատ, որոնք ունեն հետաքրքիր գաղափարներ եւ օգտագործելու են բարձր տեխնոլոգիաները գյուղատնտեսական խնդիրներ լուծելու համար: Ագրարայինը ստեծելու է ձեռնարկատիրական էկոմիջավայր, որպեսզի ուսանողը հնարավորություն ունենա սկսելու իր ագրոբիզնեսը»: