Չափազանց խստապահանջ եւ չափազանց սիրված

Մարտի 11-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը «անմիջական մթնոլորտում» մեծարեցին սիրված դասախոս, ճշմարիտ մտավորական, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Տաիրա Պապոյանին՝ 80-ամյակի եւ տարիների անմնացորդ նվիրումով, անխոնջ աշխատանքի համար:

Ռեկտորը հոբելյարին պատվոգիր շնորհեց եւ ասաց. «Գնահատում ենք Ձեր ներկայությունը: Շնորհակալ ենք այն աշխատանքի համար, որ արել եք եւ դեռ անելու եք»: Պարոն Ուռուտյանը տեղեկացրեց, որ շուտով կգործարկվեն քիմիայի հիմնանորոգված լաբորատորիաները, որոնք հնարավորություն կտան միանգամայն նոր, ժամանակակից պահանջներին գերազանցապես համապատասխանող միջավայրում դասավանդել ագրարային ոլորտի ապագա մասնագետների համար այդքան կարեւոր առարկան՝ քիմիան:

«Բան չի փոխվել,- նկատեց պրոռեկտոր Մակարյանը,- նույնն եք, ինչպիսին միշտ եղել եք՝ անաչառ եւ սիրված՝ չնայած խստապահանջ լինելուն»:

Տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը շեշտեց, որ ակադեմիկոս Վռամ Դովլաթյանի, Տաիրա Պապոյանի ջանքերի ու հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ ՀԱԱՀ քիմիայի ամբիոնը մեծ հեղինակություն է վայելում երկրում:
ՀԱԱՀ արհեստակցական միության նախագահ Աննա Աղաջանյանը հուշանվեր էր պատրաստել եւ նկատեց, որ տարիներ առաջ տիկին Պապոյանն էր ղեկավարում այդ կառույցն ու նրանից շատ բան է սովորել:

Աշխատակիցների հետ հանդիպման պատեհությունից օգտվելով, ռեկտորը շնորհավորեց կանանց միամսյակի կապակցությամբ եւ մաղթեց առողջ ու երջանիկ տարիներ: