Աշխատանքային կիսամյակ․ ճարտարագետները ամփոփում են արվածն ու բարձրացնում արդյունավետությունը

Արդեն մի քանի օր է, ինչ ճարտարագիտական մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները ներկայացնում են աշխատանքային կիսամյակի հաշվետվությունները:

Հողաշինարարություն եւ Հողաբարելավում կրթական ծրագրերով սովորողները ցուցադրական նյութերի ուղեկցությամբ ներկայացրին իրենց կատարած աշխատանքները,  ոմանք խանդավառությամբ, ոմանք՝ ոչ այնքան. պատմեցին տեսած-լսած-սովորածի մասին, որը լսարանային տեսական ամուր հենքի վրա հրաշալի արդյունք է տալիս:

Շատ ենք ասել, եւ դա էական է, որ երկրի բարձրագույն կրթահամակարգում առաջինը Ագրարայինը ներդրեց աշխատանքային կիսամյակի՝ մասնագետ դառնալու ճանապարհին շատ կարեւոր գաղափարը: Առաջին տարիների արդյունքներն ավելի քան գոհացնող են: Բայց, նաեւ կուտակված փորձն արդեն հնարավորություն է տալիս, որ կազմակերպչական շատ հարցեր ավելի արդյունավետ լուծվեն: ՀՋՌԿ ամբիոնի վարիչ պրոֆեսոր Եղիազարյանի կարծիքով այս բազմաշերտ-բազմապրոֆիլ ոլորտը լավ հասկանալու համար, թերեւս կարելի է արդեն մտածել, որ յուրաքանչյուր ուսանող կիսամյակը միանգամից մի քանի՝ տարբեր ուղղվածությամբ ընկերություններում անցկացնեի:

-Այս ամբիոնը պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի հետ բոլորովին այլ ձեւաչափով է աշխատում,- գոհունակությամբ շեշտեց ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը,- եւ պատկերն էլ գոհացնող է, իսկ ավելիին ձգտելու միտումը՝ շատ օրինաչափ:

Քննարկման ժամանակ դիտարկվում էին նաեւ գործատուների՝ ընդունող ընկերությունների առաջարկությունները: Չէ որ աշխատանքային կիսամյակի գնահատականի 70 տոկոսը հենց նրանք են ձեւավորում: Եւ բուհը շնորհակալ է այդ համագործակցության համար:

Փորձուսուցումների պատասխանատու Անահիտ Սարոյանն էլ դիմելով ուսանողներին նկատեց.

– Հրաշալի հեռանկարային մասնագիտություն եք ընտրել, սովորեք ու նվիրվեք: Օգտագործեք բուհի եւ արտադրության ընձեռած լայն հնարավորությունները: