Փորձուսուցման հաշվետվություն, որ ավարտվեց հաճելի անակնկալներով

Հոկտեմբերի 14-ին Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի չորս ուսանողներ հանդես եկան Մոսկվայի MaximaVet կազմակերպությունում անցած մեկամսյա փորձուսուցման հաշվետվությամբ: Ֆակուլտետի բոլոր կուրսերի ուսանողներից կազմված խմբի հետ միասին հաշվետվությունները ունկնդրեցին նաեւ դեկան Արևիկ Աբովյանը, Ձիասպորտի միջազգային կարգի մրցավար, Ձիասպորտի Մոսկվայի ֆեդերացիայի ներկայացուցիչ Մարիա Պեչինկինան, Հայաստանի Ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Աղաջանյանը եւ Երևանի Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Քրիստինա Նեբոգովան:

Ուսանողների ներկայացումներից առաջ տիկին Աբովյանը ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց մեր գործընկերներին համալսարան հերթական այցելության համար: «Ուրախ եմ, որ մեր գործակցությունը շարունակական բնույթ ունի եւ գործընկերային ու ընկերական հարաբերությունները ծնունդ են տալիս համատեղ նոր ծրագրերի եւ հեռանկարների: Շատ ուրախ եմ մեր ուսանողների համար եւ շնորհակալ եմ մեր գործընկերներին՝ ուսանողների համար մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելու այս աննախադեպ հնարավորության համար: Չէ որ 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու գրավականը լավ կրթություն ստանալն ու լավ մասնագետ լինելն է, եւ այս առումով ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերների պատրաստակամ աջակցությունը ուսանողների արդիական մասնագիտական հմտությունների զարգացման գործում»:

Չորս ուսանողները ոգեւորությամբ եւ գործիմացությամբ ցուցադրեցին եւ պատմեցին MaximaVet-ում անցկացրած հետաքրքիր, մասնագիտության ամբողջ հմայքն ու կարեւորությունը ի հայտ բերող փորձուսուցման ամփոփ պատմությունը: Այս փորձուսուցումը վճռական նշանակություն է ունեցել իրենց համար՝ մասնագիտության մեջ խորանալու, հետագա կարիերան ուրվագծելու առումով: Մոսկվայում նրանք առիթ են ունեցել մասնակցելու մրցարշավային ձիերին առնչվող զանազան բուժագործողությունների՝ ընդհուպ մինչեւ բարդ վիրահատությունները, շփվել եւ օգնել են ոլորտի՝ միջազգային համբավ ունեցող մասնագետներին:

Հյուրերը տպավորված էին, ոգեւորված եւ ոգեւորեցին նաեւ սրահում ներկա ուսանողներին: «Մի փոքր ավելի սեր մասնագիտության հանդեպ, ավելի աշխատասիրություն եւ անգլերենի իմացություն՝ եւ աշխարհը կբացվի ձեր առջեւ»,- ասաց Արմեն Աղաջանյանը:

Հրաշալի քառյակից երեքը Երեւանի Ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Քրիստինա Նեբոգովայից ստացան ՌԴ-ում հետագա փորձուսուցում անցնելու հավաստագրեր: Նրանց համար այս հաճելի անակնկալը առաջիկայում կարող է նաեւ այլ ուսանողների «դռանը ծնկել»: Իսկ ահա Մարիային առանձնահատուկ անակնկալ էր սպասում՝ փորձուսուցման հնարավորություն Բելգիայում՝ անասնաբուժական միջազգայնորեն հայտնի կլինիկաներից մեկում:

Դեկան Արեւիկ Աբովյանն իր հերթին, ի նշան երախտագիտության, շնորհակալագրեր հանձնեց հյուրերին: Առիթն օգտագործելով, տիկին Մարիա Պեչինկինային ծանոթացրեցինք համալսարանի թանգարանի ցուցանմուշներին. այդ պարտականությունը հաճույքով կատարեց թանգարանի վարիչ Սյուզաննա Փիլոսյանը: