Տեղի կունենան «Գինու բիզնես» խորագրով միջազգային համաժողով եւ ամառային դպրոց

Հուլիսի 17 – 21-ը Հայաստանում կլինի Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի դասախոսների խումբը՝ ելույթ ունենալու եւ դասախոսություններ վարելու հուլիսի 17-ին կայանալիք «Գինու բիզնես» խորագրով համաժողովում եւ դրան հաջորդող ամառային դպրոցում:

Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում:

Համաժողովը կկայանա հուլիսի 17-ին, Բեսթ Վեսթերն Կոնգրես Երեւան հյուրանոցում, իսկ հաջորդող ամառային դպրոցը՝ Ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում:

Համաժողովի եւ ամառային դպրոցի ժամանակ կքննարկվեն գինեգործության եւ գինու բիզնեսի համար կարեւոր թեմաներ, օրինակ՝ գինու զբոսաշրջությունը՝ որպես շուկայավարման գործիք, կլիմայի փոփոխության ազդեցությունը ոլորտի վրա, ռազմավարական կառավարում, ձեռներեցություն եւ այլն:

Ամառային դպրոցի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։

Համաժողովին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունների ներկայացուցիչներ, այլ հյուրեր:

Համաժողովին եւ ամառային դպրոցին կմասնակցեն գինեգործության եւ գինու զբոսաշրջության ոլորտի շահակիցներ եւ ուսանողներ:

Համաժողովի ընթացքում կլինի անգլերեն-հայերեն–անգլերեն համաժամանակյա թարգմանություն, իսկ ամառային դպրոցի աշխատանքային լեզուն անգլերենն է:
Մասնակիցների ընտրությունը կկատարեն Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Ամառային դպրոցին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուները կենսագրական տվյալները (CV) եւ ուղեկցող  նամակը մինչեւ 09.07.2023 թ․ կարող են ուղարկել՝ լրացնելով այս ձեւաթուղթը։