Վերապատրաստման շաբաթ Ռադբաուդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 20-24-ը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը եւ միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի Ռադբաուդ համալսարանում մասնակցեցին միջազգային գրասենյակների աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթին։ Միջազգային շաբաթին ներկա էին 21 երկրների ներկայացուցիչներ։

Վերապատրաստման առաջին օրը ներկայացվեց Ռադբաուդի համալսարանը, այնուհետեւ մասնակիցներին հնարավորություն տրվեց ծանոթանալ միմյանց հետ, նաեւ ներկայացնել իրենց համալսարանները։ Հետագա նիստերի ժամանակ քննարկվեցին այնպիսի կարեւոր թեմաներ, ինչպիսիք են կայունության, ուսանողների բարօրության,  միջազգային շրջանավարտներին ներգրավելու թեմաները։ Առանձնակի անդրադարձ եղավ  «կայունություն» թեմային, որի վերաբերյալ հատուկ նիստ էր կազմակերպված։ Այն կրթական ծրագրի պարտադիր մասն է կազմում  բոլոր ուսանողների համար՝ անկախ այն բանից, թե  ուսանողը գիտության որ ճյուղն է ընտրել։ Խիստ կարեւոր է համարվում նաեւ ուսանողների  բարօրությունը։

Ռադբաուդ համալսարանի առաջնորդող սկզբունքն էր «ճիշտ ուսանողը ճիշտ տեղում», եւ համալսարանի ամբողջ անձնակազմը անում էր ամեն ինչ, որ ուսանողը զգա իրեն ինչպես տանը։ Ուսանողի հոգեկան առողջության մասին հոգ տանելը համալսարանի  խնդիրն էր։

Լսեցինք նաեւ դասախոսություն «Հասարակության ներգրավվածությունը» թեմայով։ Առողջ եւ անհոգ հասարակություն ունենալու համար Ռադբուդի համալսարանը ներգրավել էր իր բնակիչներին, տարածաշրջանային համայնքներին եւ տեղական գործընկերներին, տարբեր ոլորտների մասնագետներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմին, որպեսզի համագործակցելով գտնեն ընդհանուր մոտեցում ժամանակակից հասարակության խնդիրներին լուծում տալու համար։

Հետաքրիր էր նաեւ «խառը շարժունակություն Էրազմուս+-ում» նիստը։ Այն սկսվեց Erasmus+ ծրագրի եւ Նիդերլանդների ազգային գործակալության Erasmus+-ի մասին կարճ ներածությամբ: Նշվեց, որ հետագայում կուսումնասիրվեն Էրազմուսի համակցված ուսուցման հնարավորությունները՝ սկսած  տեսական մասից եւ փորձուսուցումից մինչեւ խառը ինտենսիվ ծրագրեր: Բոլոր նիստերը ինտերակտիվ էին, այսինքն մասնակիցները հնարավորություն ունեին քննարկելու ներկայացվող թեմաները։

Ռադբաուդ համալսարանում աշխատակազմի վերապատրաստման համար կազմակերպված միջազգային շաբաթը շատ հետաքրքիր, ուսուցողական եւ արդյունավետ էր։