Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը ՀԱԱՀ վարժարանի շրջանավարտներին, ծնողներին, մանկավարժներին

Հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ։

Վարժարանի մանկավարժական հանրույթի համար այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է․ սիրելի գործընկերներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս շրջանավարտների հերթական խմբին, որին տարիներ շարունակ տվել եք արժեքավոր գիտելիքներ եւ նվիրել ձեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ձեր հոգու լույսը։

Այսօր կարեւոր ու տոնական օր է համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի համար, քանի որ մենք բոլորս սիրով, հույսով ու հավատով ենք հետեւել վարժարանի մեր սաների ուսումնառությանը եւ սիրով, հույսով ու հավատով էլ այժմ նայում ենք նրանց ապագային։

Այսօր մեծ տոն ու կյանքում առաջին անգամ լուրջ որոշում կայացնելու հանգրվան է ձեզ համար, սիրելի շրջանավարտներ։ Վարժարանն ավարտելը կարծես մի դասամիջոց է, որի ընթացքում դուք պետք է կայացնեք այդ կարեւոր որոշումը ձեր հետագա անելիքի մասին։ Շատերդ ուսումը կշարունակեք ձեր հարազատ դարձած համալսարանում, տղաներից շատերը, մինչ ուսումը շարունակելը, կհամալրեն Հայոց բանակի շարքերը։

Ուր էլ գնաք, ինչ գործով էլ զբաղվելիս լինեք, մաղթում եմ, որ մեր հայրենիքի համար այս դժվարին ժամանակներում դուք հնարավորություն ու կարողություն ունենաք լիարժեք դրսեւորվելու որպես ուսանող, որպես աշխատող մարդ, որպես հայրենիքի նվիրյալ զինվոր։

Իսկ մինչ այդ, ուզում եմ, որ դուք բարձր գնահատեք այն ամենն, ինչ ստացել եք ձեր մանկավարժներից, ձեր ընկերներից։ Ձեր ուսումնառությունն ու հաջողությունները կերտվել են վարժարանում, եւ կարող եմ ասել, որ վարժարանում դուք կայացել եք որպես բանիմաց, բարեկիրթ ու երկրին նվիրված երիտասարդներ։ Իսկ կրթության իմաստն ու նպատակը հենց դա է։

Ագրարային համալսարանի դռները բաց են ձեզ համար, ձեր ճիշտ ընտրության համար։ Ձեր աչքի առջեւ փոխակերպված համալսարանն այսօր ունի լավագույն հնարավորությունները արդիական կրթություն տալու համար, իսկ ագրարային մասնագիտություններն, ինչպես գիտեք, ամենապահանջվածներից ու ամենամրցունակներից են աշխատաշուկայում։ Այսօրվա եւ մանավանդ վաղվա գյուղատնտեսությունն այլ է, այն այլեւս տեխնոլոգիական է, եւ դուք աննախադեպ հնարավորություն ունեք ընտրելու ագրարային այնպիսի մասնագիտություններ, որոնք ամենաբարձր հեղինակությունն ու ամենաբարձր վարձատրությունն են ապահովում։

Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ վարժարանն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ նախեւառաջ խաղաղություն մեր երկրին, իսկ ձեզ հաջողություն մասնագիտություն ընտրելու գործում, ձեր հետագա մասնագիտական կարիերայում, ձեզ ու ձեր ընտանիքներին՝ երջանկություն ու բարեկեցություն։

Սիրելի ծնողներ, այսօր նաեւ ձեր տոնն է, քանզի դուք աշակերտ-ծնող-վարժարան այս գործընկերության մասն եք եւ մեծ ջանքեր եք գործադրել եւ շարունակելու եք գործադրել ձեր զավակների հաջողություններին սատար կանգնելու համար։ Սրտանց շնոհավորում եմ ձեզ։

Վարժարանի սիրելի մանկավարժներ, սիրելի գործընկերներ, շնորհակալություն ձեր քրտնաջան, ոչ մի ուրիշ աշխատանքի չնմանվող, դժվարին, բայց պատվաբեր աշխատանքի համար։ Շնորհավորում եմ հերթական առատ ու որակով «հունձքի» առթիվ, մաղթում, որ գոհանաք արդյունքով եւ այս գեղեցիկ դասամիջոցից հետո նույն եռանդով անցնեք հաջորդ «դասին»։

Մինչ այդ, սիրելի շրջանավարտներ, ուրախ սրտով եւ ուժեղ կամքով, գնացեք ձեր երազանքի, ձեր ծրագրերի հետեւից, գտեք ձեր կյանքի գործը, սիրեք ու նվիրվեք Հայրենիքին։

Բարի երթ եւ բարին լինի մեր շրջանավարտների, մեր վարժարանի, մեր համալսարանի ու մեր հայրենիքի հետ։