Ուսումնական գործընթաց․ քննության պահին էլ ուսանողը պետք է սովորի

Այս համոզմունքն ունի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկանի պարտականությունները կատարող, կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը: Նա պատրաստ է լսարանում, դասամիջոցին, քննաշրջանի ընթացքում եւ հետո անդադար աշխատել ուսանողի հետ: Համոզված է.

-Քննության ընթացքում էլ պետք է սովորեն:

Իսկ սա նշանակում է, որ հենց պատասխանի պահին դիդակտիկ օրինակներով համակողմանի պետք է քննեն հարցերը: Համատեղ: Եւ… դասախոսի ասելիքն ավելի ընդգրկուն-խորքային պետք է լինի:

Սովորեցնել-բացատրելու կամեցողությունը (կարծում ենք ճիշտ բնորոշում ընտրեցինք, անտիկ աշխարհից սկսած բոլոր ուսուցիչները չեն, որ կամք են ունեցել իմացածը փոխանցելու) թույլ չի տալիս, որ նա իմիջիայլոց, հենց այնպես լսի ուսանողին: Հատկապես, եթե հեռակա համակարգի սովորող է՝ բովանդակային աջակցության կարիք շատ ունի:

-Տղա ջան, ընդհանրապես անկարեւոր առարկաներ չկան, բայց կիրառական մեխանիկան հատկապես պետք է լավ սովորես: Դու ճարտարագետ ես դառնում, խելացի ես, բայց… քիչ ես կարդում: Իսկ այս ամենը քեզ պետք է գալու ե՜ւ աշխատանքի ընթացքում, ե՜ւ առօրյայում:

Պարոն Դավեյանը անթաքույց ուրախանում է երիտասարդի արտաբերած ամեն մտքից, բառից.

-Ապրեեեես, «կարդանի» փոխարեն հայերեն լիսեռ է պետք ասել: Հիշիր, մայրենիով ճիշտ եզրույթները՝ սռնի, լծորդիչ, կամրջակ: Ապրեեեես՝ փխրուն բառը շատ ճիշտ օգտագործեցիր, այլումինը հենց փխրուն է…

Կրթության գործընթացն էլ փխրուն է, խոցելի, դյուրաբեկ: Կաղապարներով, մեխանիկորեն անկարելի է գիտելիք սերմանել, հաջողության հասնել: Նվիրում է պետք: Եւ այս պատմությունն էլ նվիրումի մասին է։