Որակի նոր փոփոխականներ, աշխատանքային կիսամյակի հունձքն առատ է․ ռեկտորատի փետրվարյան նիստը

Փետրվարի 8-ին կայացավ ՀԱԱՀ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ։
2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննությունների ընթացքի եւ խնդիրների վերաբերյալ օրակարգային հարցի շուրջ զեկուցումներով հանդես եկան ուսումնական ստորաբաժանումների ղեկավարները։ Պարոն Զաքոյանի հորդորով, զեկուցողները գլխավորապես կանգ առան կոնկրետ խնդիրների եւ դրանց լուծումների վրա՝ որպես ուղեցույց ունենալով ուսուցման որակի շարունակական բարձրացման հրամայականը։
Մասնավորապես, Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շուրջ հարյուր ուսանողներով համալրումն իր հերթին պետք է մղի որակի հարցում հետեւողական աշխատանքի շարունակականությանը։ Քննարկվեցին եւ համապատասխան որոշումներ ընդունվեցին ուսանող – դասախոս -որակի ապահովման կենտրոն – վարչակազմ հարաբերակցության նոր մակարդակին, ծագող խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նկատառումով հանդիպումների ու քննարկումների հաճախականության վերանայմանը, ուսանողների ինքնուրույն աշխատանքների որակի բարձրացմանը, բացակայությունների լրացման գործում ֆինանսական եւ բովանդակային-որակական հարթությունների զուգակցմանը, բացակայությունների սահմանաչափի ավելի լավարկված կառավարաձեւին առնչվող հարցերի մասին։
Օրակարգում էր նաեւ աշխատանքային կիսամյակի արդյունքների ամփոփումը։ Ռեկտորատն ի գիտություն ընդունեց դեկանների զեկուցումները, ըստ էության՝ առանց քննարկման, քանզի փորձուսուցումների այս ձեւաչափի ներդրումից ի վեր դրա արդյունքները գոհացուցիչ են, հաջողությունն՝ ակնհայտ։ Բոլոր ֆակուլտետներին հաջողվել է մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ գործարկել եւ զարգացնել փոխշահավետ նորարարական գործելակերպ, որ փոխում է ուսանողին, գործատուին եւ բուհ-աշխատաշուկա կապի դիմագիծն ու որակը։