Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ. Ագրարայինի նշաձողը բարձր է մնալու

Հայաստանը, հայությունը, Ագրարային համալսարանը 2023-ը ճանապարհում են հակասական զգացումներով՝ ազգային պատմական ծանրագույն կորուստներով, բայց նաեւ չամայացած հոգիներով, սպառնալիքները հնարավորություն դիտարկելով եւ քայլ առ քայլ մեր նպատակներին հասնելու կարողունակության գիտակցությամբ։

Չնայած տարածաշրջանային եւ համաշխարհային մարտահրավերներին, մեր երկիրը, շնորհիվ մեր ժողովրդի բնածին տաղանդի եւ աշխատասիրության, կարողացավ տեսանելի առաջընթաց գրանցել տնտեսության, կրթության, գիտության եւ բազմաթիվ այլ ոլորտներում։ Ոչ միայն հաճելի, այլեւ պարտավորեցնող է այն գիտակցությունը, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շարունակել է մնալ բարեփոխումների առաջատարի իր դիրքերում՝ ստեղծելով նորարարական կրթահետազոտական մի շարք նոր կենտրոններ, գործընկերային հարաբերություններ հաստատելով միջազգային կրթական տարածքի դերակատար եւս մի քանի համալսարանների, հայաստանյան մասնավոր ագրոբիզնեսի առաջատար խաղորդների հետ, էլ ավելի հարստացնելով ուսանողակենտրոն միջավայրը։

Տարվա ավարտին մեր համալսարանի ուսանողությունը, պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ անձնակազմը առարկայորեն ցույց տվեցին, որ միասնական, վճռական ու ավելի քան համախոհ են հայաստանյան բուհական կրթության պատմության մեջ աննախադեպ հնգամյա ընթացքը արժանավայել կերպով շարունակելու հարցում։ Մեր մեծ ու գեղեցիկ ընտանիքը, իր թիկունքին ունենալով պրոֆեսիոնալ, ազնիվ ու հայրենասեր ղեկավար, հասել է մի նշաձողի, որից ներքեւ այլեւս իրավունք չունի իջնելու։

Մենք Ագրարային համալսարանում լիահույս ենք, որ 2024-ը լինելու է հաջողության պատմության շարունակության տարի թե մեր բուհի, թե մեր երկրի ու ժողովրդի համար։ Իսկ դրա համար անհրաժեշտ է սովորել, աշխատել, ստեղծագործել ու նվիրվել՝ ինչպես վայել է ագրարայինցիներին։

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Թող Նոր տարում կատարվեն հայ ժողովրդի հավաքական իղձերը, թող 2024-ը լինի կորուստների վերականգնման մեկնարկի տարի, թող մեր ժողովրդի կյանքում եւ մեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ներդաշնակ զարգացումը։

Աստված օրհնի Հայաստանը, Սփյուռքը եւ Ագրարային համալսարանը։