Երեկ՝ ապրիլի 15-ին, մայր բուհում էին ՀԱԱՀ Շիրակի ակադեմիկոս Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջի «Ջերմատնային տնտեսություն» մասնագիտության առաջին եւ «Մենեջմենթ» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները՝ ծանոթանալու ենթակառույցներին, ուսումնական լաբորատորիաներին, գիտահետազոտական կենտրոններին եւ բուհում մասնագիտական կրթությունը շարունակելու հեռանկարներին:
Աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ողջունելով շիրակցի մեր ուսանողների այցը, ծանոթացրեց բակալավրիատի կրթական ծրագրերին, ուսումն արտերկրում շարունակելու բազմաթիվ հնարավորություններին, ուսանողական առօրյային, փորձուսուցմանը եւ ուսանողի՝ բուհից աշխատաշուկա սահուն անցումն ապահովող գործելակերպին, որ ներդրված է Ագրարայինում: Տիկին Մնացականյանը պատասխանեց քոլեջականներին հուզող հարցերին, կարեւոր համարեց նրանց մասնագիտական ընտրությունը, երկրի համար պահանջված մասնագետ դառնալու ձգտումը:
Այնուհետև, ավանդույթի համաձայն, երիտասարդները շրջայց կատարեցին համալսարանում, եղան Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրագործության եւ խմորման, Ընդհանուր քիմիայի, Գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիաներում, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում, ՀԱԱՀ նորարարական ջերմատանը, որտեղ ստեղծված են բուհում ստացած մասնագիտական տեսական գիտելիքները գործնականում կիրառելու եւ ագրարային ոլորտի մասնագետ դառնալու համար անհրաժեշտ հմտություններ զարգացնելու բոլոր հնարավորությունները: