Մարտի 28-ին հյուրընկալել էինք Եւրասիական փորձագիտական ակումբի հիմնադիր անդամներին՝ աշխատանքները համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Արամ Սաֆարյանին, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանին եւ Աշոտ Թավադյանին: Ակումբին այսօր անդամակցում է 53 գիտնական, վերլուծաբան, թերեւս՝ երկրի գիտական մտքի սերուցքը:
ԵՓ ակումբը նախաձեռնել է բուհերում՝ մեր երկրի տնտեսության վերլուծությանը նվիրված բանախոսություն-քննարկումների շարք, որը մեկնարկեց Ագրարայինից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը, որ նույնպես հիշյալ ակումբի հիմնադիրներից է, ներկաներին խոստացավ հետաքրքիր զրույց՝ երկրի տնտեսության վիճակի, զարգացման, տեսանելի ապագայում ակնկալիքների մասին:
Իսկապես, շատ հետաքրքիր, իրատեսական-կառուցողական քննարկում-երկխոսություն ստացվեց: Դիտարկվող հարցերի կարեւորությունը հաշվի առնելով, ողջ ընթացքը ուղիղ ցուցադրվում էր համացանցով, բանախոսությունների թեզիսները զետեղված են ակումբի www.soyuzinfo.am կայքում:
ՀՀ-ն ԵԱՏՄ հիմնադիր անդամներից է, եւ Արեւմուտքի հետ ընդլայնվող հարաբերությունները պետք է կարողանանք հավասարակշիռ հաջողությամբ համատեղել նախկին խորհրդային երկրների միասնական հարթակի հետ, եւ պահպանել ծանրակշիռ տեղն ու խոսքը: ԵԱՏՄ-ում աճել է մեր երկրի առեւտրաշրջանառությունը, իսկ «այդ աճի ետեւում տքնաջան աշխատանքն է»: Պետք է կարողանանք իրատեսորեն գնահատել իրավիճակն ու հստակեցնել առաջնահերթությունները, նպատակակետերն ու վեկտորները:
Նոր պայմանների, նոր մարտահրավերների պայմաններում, հակառակ, որ աշխարհն ընկղմված է ընդգրկուն անորոշության մեջ, շատ կարեւոր է, որ գիտնականները համատեղ կարողանան գտնել լուծումներ՝ հուսալի, կանխատեսելի ապագայի համար: Եւ, որ շատ կարեւոր է տնտեսության ցանկացած հիմնախնդրի լուծման ժամանակ պետք է կարողանանք առաջնորդվել հիպոկրատյան՝ չվնասելու պատգամով:
Մեր հյուրերը բարձր գնահատեցին Ագրարային համալսարանի դերը, որպես տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ոլորտի մասնագետների միակ դարբնոցի: Մեր գիտնականների ձայնը միշտ լսելի, կարծիքները՝ ուղենիշային կարող են լինել:
Ավարտին, Արամ Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց ռեկտորատին՝ ընձեռված հնարավորության համար: