– Հավատացեք, որ կարող եք նպաստել ընդհանուր գործի հաջողությանը եւ, որ շատ կարեւոր է՝ առանց անձնական շահագրգռվածության,- ասում է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի տնօրեն Կարեն Զաքարյանը:
Նա շատ սիրով, կենդանի-անմիջական, հետաքրքրություն առաջացնող ոճով զրուցեց լսարանում ներկա երիտասարդների հետ եւ բոլոր հարցերը հանգամանորեն բացատրելը հիմնավորեց. «Վաղը, մյուս օրը ստարտափ կարող է ունենաք, այս իրազեկվածությունը պետք կգա»:
Իսկ հանդիպումը պարոն Զաքարյանը սկսեց պարզ ճշմարտություն բացահայտող հարցից. «Բիզնեսի հաջողության համար ընդլայնվե՞լն է կարեւոր, թե՟ արագությունը»: Հատկանշական է, որ ուսանողներից մեկի պատասխանը անթերի էր, գրեթե փիլիսոփայաբար. «Արագ ընդլայնվելը»: Այո, համաշխարհային գործարար աշխարհում ոչ թե մեծ ձկներն են ուտում փոքրերին, այլ արագաշարժները՝ դանդաղկոտներին, ասաց պարոն Զաքարյանը:
Ճիշտ, խելամիտ մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի ընկերության եւ աշխատակիցների շահերը լավագույնս համընկնեն: Այս դեպքում վերահսկման անհրաժեշտությունն ի սպառ ժամանակավրեպ կդառնա, համոզված է բանախոսը:
Կապիտալի շուկան, որի գլխավոր բաղադրիչներն են անվտանգությունն ու օրենքի գերակայությունը (ՖՇՄ ասոցիացիան օրենսդրական դաշտը լավարկող նախաձեռնություններով էլ է հանդես գալիս, եւ արդյունքները շոշափելի են), անդադար ուսումնասիրելու անհրաժեշտություն կա: Կարեն Զաքարյանը լսարանին տեղեկացրեց, որ Telegram ալիքով հայալեզու հասցե են վարում, որտեղ միշտ դիտարկվում են Հայաստանի եւ դրսի շուկաների գործընթացները: finarm.am-ն էլ այս շուկայով հետաքրքրվողների բազում հարցերի պատասխանները կտա:
Ներկաներն էլ հարցեր ունեին, որոնց սիրով պատասխանեց մեր հյուրը: Վերջում ակնհայտ էր. այս հետաքրքիր ոլորտի դիտարկումը չի կարող մեկ հանդիպմամբ լիակատար լինել: