Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնը հաջողությամբ շարունակում է Շիրակի մարզի Կրաշեն համայնքում հիմնադրված այծաբուծական տոհմային տնտեսությունում տոհմային, տեխնոլոգիական, գենետիկական եւ կենսաքիմիական համալիր աշխատանքները։
Կենտրոնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանի գլխավորած ծրագրի շրջանակում իրականացվել է այծերի կերակրման, պահվածքի, զուգավորման եւ ծնի կազմակերպման, մատղաշի աճեցման եւ իրացման, հիգիենիկ պայմանների բարելավման, ծագումնաբանական, կենսաքիմիական համալիր հետազոտություն։ Ծրագիրն արժեքավոր է նաեւ այն առումով, որ տոհմային տեխնոլոգիական բազմակողմանի ուսումնասիրությունների միջոցով ստացված կենդանիները պահանջարկ ունեն ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ այլ մարզերի համայնքներում, ուստի մատղաշի մի մասը վաճառվում է ֆերմերներին՝ այծի կաթի եւ պանրի արտադրություն կազմակերպելու նպատակով։
Տնտեսությունում մեկ այծամայրից լակտացիայի ընթացքում միջին հաշվով ստացվում է 470 կգ կաթ, որը շուրջ երեք անգամ գերազանցում է տեղական այծերի կաթնատվությունը։ Այծաբուծական տնտեսությունում ներդրված նոր տեխնոլոգիաները բարենպաստ են ինչպես շուրջտարյա մսուրային, այնպես էլ արոտամսուրային պահվածքի համար։
«Կենսաքիմիական հետազոտություններն ուղղված են այծի կաթի հումք-մթերք շղթայում պաստերացման արդյունավետությունը ստուգելու, մթերքի պահպանման ժամկետները երկարացնելու ցուցիչների որոնմանը։ Այս առումով սահմանված է կովի կաթի ISO չափորոշիչը, որը դեռեւս հստակեցված չէ մանր եղջերավորների կաթի դեպքում։ Հատկանշական է, որ Սննդի անվտանգության եվրոպական լիազոր մարմինը (EFSA) հորդորում է գիտնականներին հետազոտություններ իրականացնել նշյալ ուղղությամբ։ Այս համատեքստում կենտրոնի կենսաքիմիական հետազոտություններն ուրվագծում են այծի հում կաթի համապատասխան ֆերմենտատիվ համակարգերը, որն առաջիկայում կամբողջականացվի պաստերացումից հետո ստացված տվյալներով»,- ասում է պրոֆեսոր Մարմարյանը։
Վերոնշյալ գիտական ներդրումը գիտություն-արտադրություն կապի ամրապնդումից զատ կարեւոր նվաճում է թե´ ֆերմերների եւ թե´ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար։