Առողջությունն ու գեղեցկությունը կապված են ամբողջականորեն եւ բնականորեն. այս իմաստուն խոսքից է սկիզբ առել «Նաիրիան»-ը: Վերցնելով բնությունից լավագույնը՝ նրանք գիտության շնորհիվ ստեղծում են խնամքի կատարելապես բնական միջոցներ:
Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ Սասուն Մամաջանյանի եւ Ջրային ռեսուրսների ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանի նախաձեռնությամբ «Գիտական հետազոտությունների մեթոդներ» եւ «Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում» առարկաների գծով «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի բաց դասերից մեկն այս անգամ անցկացվեց «Նաիրիանում»։
«Նաիրիանի» դաշտերն ու լաբորատորիան գտնվում են Արագյուղում, որտեղ էլ ստեղծվում է արտադրանքը՝ բույսերի օրգանական մշակումից, եթերայուղի ստացումից մինչեւ փաթեթավորում:
Մագիստրանտներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին հիմնադիր տնօրեն Անահիտ Մարկոսյանին, որը հանգամանալից ներկայացրեց «Նաիրիանի» գործունեությունը։ Նա նշեց, որ խոտաբույսերի օրգանական մշակությունը կարեւորագույն գործընթացներից մեկն է ու նախատեսվում է էլ ավելի զարգացնել ու ավելացնել ծավալները։ Այս փաստը հնարավորություն կտա Ագրարային համալսարանի ուսանողներին ու մագիստրանտներին կատարել մի շարք հետազոտություններ եւ «Նաիրիանի» ողջ անձնակազմը պատրաստակամ է՝ հետաքրքրված ուսանողներին փոխանցել գիտելիքներ ու արտադրական փորձառություն։
Կարող ենք ասել, որ բաց դասը հաջողված էր, քանզի օրգանական արտադրության եզակի բնագավառը իր դռները բացեց մագիստրանտների առջեւ ու ներկայացրեց իր փորձը։