Աշխատանքային կիսամյակ․ ընկերությունները սիրով են ընդունել մեր ուսանողներին

Հունիսի 27-ին ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն եւ ագրոնոմիա մասնագիտությունների երրորդկուրսեցիները պաշտպանում էին աշխատանքային կիսամյակի առաջին փուլի՝ ութ շաբաթ տեւած փորձուսուցման հաշվետվությունները: Միջավայրը հանդիսավոր էր, լսարանը՝ լեցուն, մոտեցումը շատ լուրջ, բայց… բարյացակամ:

Արմենիա վայն ՍՊ, ArLeAm ընկերությունները, Նոր Գեղիի ջերմատնային, Աքորիի ագարակային տնտեսությունները ուսանողների բնորոշմամբ՝ լայնորեն ու սիրով են բացել իրենց դռները ագրարայինցիների առջեւ: Ե՜ւ գործնական գիտելիքներ ամբարելու հնարավորություն են տվել, ե՜ւ ականջալուր են եղել երիտասարդների խորհուրդ-առաջարկություններին: Պատահական չէ, որ ուսանողները աշխատանքային կիսամյակի անցկացման վայրի մասին խոսում էին որպես թիմի լիարժեք անդամներ՝ մեր ընկերությունը, մեր դաշտը, մենք․․․

Ուսանողների աչքերի փայլը մի ավելորդ անգամ հուշում է, որ տեսել-մշտադիտարկել-հետազոտել են: Գիտակ-տեղյակ մարդկանց աչքեր էին այստեղ: Նրանցից շատերն արդեն ավարտաճառերի համար «հումք» են կուտակել, լաբորատոր ուսումնասիրություններ կատարել: Ցուցադրական նյութերը վկայություններն են աշխատանքի բոլոր փուլերին նրանց ջանադրաբար, անգամ խանդավառ մասնակցության: Ի դեպ, ե՜ւ կառուցողական բանավեճ եղավ, ե՜ւ սեփական տեսակետը-կարծիքը պաշտպանեցին՝ կարեւոր հատկություն հատկապես գիտնականի համար:

Ակնհայտ էր, որ դեկանը՝ գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, ներքուստ գոհ է իր «երեխաների» պատասխաններից, բայց արտաքուստ խիստ է: Խստապահանջ.

-Հիմա, մի րոպե, գործնականում ի՞նչ սովորեցիր: Գնացիր այգի, հետո՞…

Հետո ուսանողը տեսական ու գործնական գիտելիքների ողջ ներկապնակն է սփռում՝ ժպիտով, վստահաբար, նաեւ շնորհակալ: Շնորհակալ են բուից եւ հյուրընկալող ընկերություններից, որոնք ամեն ինչ արել են արդյունավետ փորձուսուցման համար: Ավելին, բոլորն արդեն աշխատանքի առաջարկություն ունեն:

Հ.Գ. Հետեւելով փորձուսուցումների հավետվություններին, հասկացանք, որ «լավ» ուսանողների անուններն արձանագրել կնշանակի թվել բառացիորեն բոլորին: Տեղեկատվությունը հո առաջադիմության ամփոփաթերթ չենք դարձնելու: