Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գիտատեխնիկական խորհրդի տարեվերջյան նիստը

ՀԱԱՀ «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի գիտատեխնիկական խորհրդի տարեվերջյան նիստում, որը վարում էր մասնաճյուղի տնօրեն, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի պրոֆեսոր, գ․գ․դ․ Անդրեաս Մելիքյանը, քննարկվող հիմնական օրակարգային հարցը կենտրոնի 5 բաժինների 2024 թ. բազային թեմաներով կատարած աշխատանքների կատարողականների ամփոփիչ քննարկումն էր։

Զեկուցումներով հանդես եկան Կենսատեխնոլոգիական մեթոդներով մշակաբույսերի բազմացման բաժնի վարիչ Գայանե Մելյանը, Մշակաբույսերի եւ դրանց վայրի ազգակիցների ազգային գենբանկի ավագ գիտաշխատող Մարգարիտա Հարությունյանը, Էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության բաժնի վարիչ, պրոֆ․ Մերուժան Գալստյանը, Գյուղատնտեսական պատրաստուկների ստացման եւ որակի վերահսկման բաժնի վարիչ Արամ Միքաելյանը, Կենսաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Մանվել Բադալյանը։

Ներկայացված զեկուցումներից եւ դրանց քննարկումից պարզ դարձավ, որ Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի բոլոր 5 բաժինները տարվա ընթացքում մեծ ծավալի գիտահետազոտական աշխատանքներ են կատարել բազային ֆինանսավորման ծրագրերի շրջանակում։ Աշխատանքների ամփոփ հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ։ Իսկ որպես ընդհանուր գնահատական կարող ենք արձանագրել, որ դրանք եղել են ենթաոլորտների  զարգացման այսօրվա հրատապ պահանջներին համահունչ, վերլուծական մակարդակում՝ առարկայական ու պրոֆեսիոնալ, ստացված արդյունքների առումով՝ մեծապես կիրառական եւ արդեն առեւտրայնացման հստակ նշմարվող հեռանկարով։

Բաժինների աշխատակիցների ձեռքբերումներն ակնհայտ են, անշուշտ, բուն գիտական ծրագրերի իրականացման տեսակետից, սակայն չի կարելի չարձանագրել եւս մեկ, ոչ պակաս կարեւոր հանգամանք՝ բոլոր բաժինների ներդաշնակ եւ շահագրգիռ փոխգործակցությունը որպես մեկ ընդհանուր գիտական մարմին։ Այստեղ միմյանց օգնում ու սատարում են թե գիտելիքով, թե սարքավորումներով եւ թե ընդհանուր գործի պատասխանատվությունը բաժանելով։

Պատահական չէ, որ գիտական կենտրոնն, ըստ էության, բազային թեմաների իրականացման շրջանակում հաջողել է գրեթե բոլոր ուղղություններով՝ պլանավորված աշխատանքների իրագործման, միջազգային վարկանիշային գիտական պարբերականներում բազմաթիվ հոդվածների տպագրման, ոլորտների զարգացման ապագային միտված հիմնավոր գիտական առաջարկների ներկայացման, երկրում գործող առաջատար արտադրական ընկերությունների հետ գործակցության խորացման, սարքավորումների ձեռք բերման հայտեր շահելու, մեր երկրում աճեցվող հիմնական մշակաբույսերի սորտային եւ այլ հատկանիշների բարելավմանը եւ հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ պայքարին օժանդակող օրգանական նյութերի ստացման եւ այլն։

Ի դեպ, ուրախալի է, որ վերջին տարիներին կենտրոնի գիտնականները ձգտում են իրենց գործը «առաջ տանել»՝ առաջնորդվելով բնական էկոհամակարգերի առողջությունը չվնասելու գիտակցությամբ։ Ինչպես արտահայտվեց Մանվել Բադալյանը՝ «սնունդը կարող է ատոմային ռումբից էլ ավելի վտանգավոր լինել, ուրեմն որքան կարեւոր է սննդի անվտանգությունը»։

Ամփոփելով Ագրոկենսատեխնոլոգիայի ԳԿ գիտաեխնիկական խորհրդի տարեվերջյան նիստը, կենտրոնի տնօրեն Անդրեաս Մելիքյանը մասնավորապես ասաց․ «Մեր գիտական հանրույթը կայացած է, այդ թվում՝ բաժինների փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ։ Վստահ եմ, որ մեր լավ ցուցանիշներ կշարունակենք ապահովել նաեւ եկող տարի, ներառյալ տեխնիկատնտեսական եւ նոր սարքավորումների ձեռք բերման ուղղություններով։ Լիահույս եմ նաեւ, որ գիտական կենտրոնում այժմ ձեւավորվող միջազգային ծրագրային հայտերը նույնպես առաջիկայում մեզ լավ հանգրվանի կհասցնեն»։

Պրոֆեսոր Մելիքյանն ընդգծեց նաեւ գիտական կենտրոնում սերնդափոխության գործընթացի սահուն ընթացքին աջակցելու, պետական մասշտաբով կենսատեխնոլոգիաների զարգացման կարեւորման համատեքստում մեր արածը ներկայացնելու եւ տարածելու եւ, ի վերջո, դիմորդներին նաեւ գիտությամբ հրապուրելու անհրաժեշտությունը։