Հուշ-ա-գողություն. Հիշում ենք, ինչպես կարող ենք չհիշել. Ցոլակ Գալստյան

Հուշագողություն ենք անում, հուշագողությո՛ւն. անցյալից խլում ու ետ ենք բերում մոռացումները…  Ագրարային համալսարանում վերից վար, ավագից կրտսեր. ագահաբար «կորզում, թալանում» եւ «գողոնը» ի մի ենք բերում՝ մի փոքրիկ դրվագ, լուսավոր մի հուշ, հանիրավի մոռացված աշխատակցի անուն, խունացած լուսանկար: Հոբելյանական տարում հյուլե-հյուլե, երկյուղածությամբ հավաքում ենք մասունքները, որոնցով ավելի կամբողջանա բուհի 90-ամյա առինքնող պատկերը:

Ուսումնական հարցերով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանը եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյանը համատեղ կազմել են ավագ սերնդի այն երախտավորների անվանացանկը, որոնց պետք է այցելենք ու հարգանքի տուրք մատուցենք նվիրյալ աշխատանքի համար: Այս նախաձեռնությամբ էլ հենց սկիզբը դրվեց մի նոր խորագրի՝ «ՀՈՒՇ-Ա-ԳՈՂՈՒԹՅՈՒՆ»:

Առաջինն այցելեցինք Ցոլակ Գալստյանին: Նախօրեին լրացել էր նրա 90-ամյակը: Մեր բուհի հասակակիցը ՀԱԱՀ պատվիրակության անդամներին՝ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել Հայրապետյան, պրոֆեսոր Ստեփան Մարգարյան, անցյալում իր ղեկավարած ստորաբաժանման աշխատակցուհիներ Ռոզային եւ Նելլիին դիմավորեց ջերմությամբ, սիրով:

Պարոն Գալստյանը տասնամյակներ շարունակ ղեկավարել է ուսումնական մասի աշխատանքները: Ռեկտորատի նիստերի ժամանակ ես միշտ հիանում ու զարմանում էի, թե նա ինչպես է հիշում բոլոր լսարանները՝ ֆիզիկական վիճակի նկարագրով, տարողությամբ, զբաղվածության աստիճանով: Նա դեռ աշխատում էր, երբ բուհում սկսեցին մտածել էլեկտրոնային դասացուցակ ստեղծելու մասին: Ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, որ համակարգիչն այդ գործը Մաղաքիչից լավ կկարողանա… համակարգել:

-Պարոն Գալստյան հիշո՞ւմ եք մեզ,-հարցնում ենք թերահավատորեն:

-Հիշում եմ, ինչպես կարող եմ չհիշել, էյ գիտի ժամանակներ…օր չկա, որ համալսարանը չհիշեմ: Սկսած ուսանողական տարիներից (ի դեպ, պրոֆեսոր Մարգարյանի հետ համակուրսեցիներ են եղել), այդ ժամանակներից ամենամոտ ընկերոջս՝ Վլադիմիր Ղալումյանին, բոլորին, բոլորին հիշում եմ:

Ուրախությամբ նկատենք, որ Ցոլակ Մաղաքիչը կատարելապես ողջախոհ է, լավ հիշողությամբ, լավ լսողությամբ, միիիիիի քիչ տեսողության խնդիրներ ունի: Նա ապրում է երեխաների ու թոռների հոգածությամբ ու սիրով պարուրված: Արժանապատիվ:
Իսկ գինեձոնին՝ Ստեփան Մարգարյանի սեղանապետությամբ մեկ կենաց հնչեց՝ հանուն բուհի, երկրի բարեկեցության, տանտիրոջն էլ արեւշատություն մաղթեցինք:

Անի Խուդավերդյան