Հունվարի 17-ին տեղի ունեցավ ռեկտորատի 2020թ․-ի առաջին նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ինչպես միշտ, օրակարգում ներառված էին հիմնական եւ ընթացիկ հարցեր։
Հիմնականը ուսանողների բացակայությունների հարցն էր։ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Մակարյանն ըստ ֆակուլտետների ներկայացրեց առկա իրավիճակը, հեռացված (7) եւ վերջին նախազգուշացում ստացած ուսանողների թիվը։ Հեռացումը օրինաչափ պատժամիջոց է բացակայությունների թույլատրելի սահմանն անցած ուսանողների համար, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ համալսարանի ղեկավարությունը պատժամիջոցին զուգահեռաբար կարեւոր է համարում բացատրական աշխատանքը։
2020 թվականը համալսարանի 90-ամյակի տարին է եւ հագեցած է լինելու հոբելյանական միջոցառումներով։ Պրոռեկտոր Մակարյանի փոխանցմամբ, ձեւավորվել է կազմկոմիտե եւ մշակվելու է միջոցառումների ժամանակացույց, նշանակվելու են պատասխանատուները։ Նախատեսվում են, մասնավորապես, ներբուհական եւ միջբուհական ուսանողական միջոցառումներ, ներառյալ՝ գիտական, մարզամշակութային եւ այլն։ Ստեղծվելու է 90-ամյակին նվիրված կայք, որը կարտացոլի համալսարանի պատմությունը, նյութեր կհրապարակվեն համալսարանի երախտավորների վերաբերյալ։ Կլինեն ցուցահանդեսներ, ԶԼՄ-ների հրապարակումներ, կնկարահանվի ֆիլմ, կանցկացվեն գործընկերների հետ համատեղ միջոցառումներ, իսկ հոբելյանական տարին կավարտվի մեծ գիտաժողովով։
Ռեկտորատի նիստում քննարկված հարցերից մեկն էլ վերաբերում էր Հեռակա ուսուցման դեպարտամենտի ուսանողների պարտքերի հանձնման եւ վարձավճարների վճարման ընթացքին։ Ռեկտորը հանձնարարեց ամենայն խստությամբ վերահսկել գործընթացը՝ տեղեկացնելով նաեւ, որ վերակառուցված գնահատման եւ թեստավորման կենտրոնի մոտալուտ կահավորումից ու վերազինումից հետո (համակարգիչներն արդեն ստացվել են) քննությունները կանցկացվեն կենտրոնում՝ համակարգիչներով, եւ խնդիրներն ըստ էության կբացառվեն։ Մի շարք առարկաների թեստերը պատրաստ են, մյուսներինը հանձնարարվեց կազմել սեղմ ժամկետներում։
Թեստային համակարգով վերջերս անցկացված անգլերենի քննության փորձն արժանացել է ուսանողների դրական արձագանքին։ Նույնիսկ բացասական գնահատականներ ստացած ուսանողները գոհունակություն են արտահայտել համակարգի վերաբերյալ․ այս մասին վկայեցին ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը եւ Տեխնոլոգիականի դեկան Կարեն Մինասյանը։ Ի դեպ, համակարգի առավելությունը բացահայտվել է նաեւ մեկ այլ իրողությամբ, որի վրա ռեկտորատի ուշադրությունը հրավիրեց պարոն Ուռուտյանը․ «Նախկինում թվում էր, թե բոլոր ուսանողները անգլերենին տիրապետում են, քանի որ բոլորը դրական գնահատականներ էին ստանում․ համակարգչային թեստը հստակ կերպով ի հայտ բերեց միանգամայն այլ պատկեր»։
Ռեկտոր Ուռուտյանի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսումնական պլանների արմատական բարեփոխումները սկսելուն։ Ինչպես եղել է բակալավրիատի դեպքում, ուսպլանները մշակելիս շեշտը պետք է դնել ոչ միայն մասնագիտական, այլեւ հետազոտական եւ վերլուծական հմտությունների վրա։
Էրասմուս ծրագրի շրջանակում համալսարանը գործակցում է եվրոպական 23 համալսարանների հետ․ անշուշտ, սա լավ ցուցանիշ է։ Ծրագրի շրջանակում վերապատրաստվողներից ոմանք իրենց ստացած փորձը որոշակիորեն փոխանցում են Ագրարայինի իրենց գործընկերներին։ Սակայն ռեկտոր Ուռուտյանը բարձրացրեց Էրասմուսի մասնակիցների՝ սեփական համալսարանում ունեցած ներդրման արդյունավետության հարցը։ «Կա՞ արդյոք նման ներդրումների պլան, բերված նյութերը դառնու՞մ են արդյոք ուսանողի սեփականությունը։ Պետք է մտածել մի ընթացակարգ, որով հնարավոր կլինի չափել ծրագրի օգտակարությունը մեր համալսարանի համար», – նշեց պարոն Ուռուտյանը։
- 19/01/2020
- 2020