ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ

Vardan Urutyan

Սիրելի ուսանողներ եւ գործընկերներ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական խորհրդի հարգելի անդամներ։
Ճանապարհում ենք անկախ Հայաստանի պատմության ամենածանր փորձությունների տարին՝ 2020 թվականը, ճանապարհում ենք սրտի ցավով, մեծ հիասթափությամբ, սակայն նաեւ՝  նոր հույսի մեծ չափաբաժնով եւ առավել նպատակային գործունեություն ծավալելու վճռականությամբ։

Անցնող տարում՝ Ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020 թվականին, բոլորիդ հայտնի պատճառներով մենք չկարողացանք նշել համալսարանի 90-ամյակը։ Մինչդեռ մենք պլանավորել էինք արժանավայել կերպով տոնել եւ հանրայնացնել մեր հաջողությունները, մանավանդ՝ հենց հոբելյանական տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները։ Մենք գլուխ ենք խոնարհում համավարակի զոհերի եւ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած մեր հերոսների հիշատակի առջեւ եւ պարտավորվում՝ նաեւ հանուն նրանց շարունակել մեր համալսարանի հաջողության պատմությունը։

Տարվա ընթացքում շարունակվել են ուսումնական ծրագրերի բարեփոխումները, համալսարանի գիտահետազոտական ստորաբաժանումների գործունեության նպատակայնության բարելավումը, ուսանողների եւ դասախոսների համար ուսումնական, ուսումնաօժանդակ եւ հետազոտական բազմաթիվ ենթակառույցների նորացման ու նորերի ստեղծման աննախադեպ գործընթացը։ Միայն 2020թ․-ի ընթացքում շահագործման ենք հանձնել Ագրոտեխ ինկուբատորը, ֆարմբոտ ռոբոտային համակարգով օժտված նորարարական ջերմատունը, քիմիայի երկու լաբորատորիաները, Օրգանական գյուղատնտեսության լաբորատորիան, Հողային եւ ջրային ռեսուրսների կառավարման կենտրոնը, Սննդամթերքի անվտանգության և կենսատեխնոլոգիայի բաժնի լաբորատորիան, Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիան, համալսարանական երկու բաց տարածքները, Գնահատման եւ թեստավորման կենտրոնը։ Տարեվերջին տեղի ունեցավ Ագրարային համալսարանի «Սերունդ» գինու շուկայամուտը։

Այս բոլորը միտված են ոչ միայն արդիական գործնական մասնագիտական կրթության էական բարելավմանը, այլեւ ընդհանրապես գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտի զարգացմանը մեր երկրում։ Ագրարային համալսարանն անցնող տարում ամրապնդեց իր դիրքերը որպես ոլորտի զարգացման շարժիչ ուժ՝ ընդլայնելով եւ խորացնելով համագործակցության շրջանակը ազգային եւ միջազգային մակարդակներում։

Գործընթացը շարունակական է եւ նվաճումների նոր հորիզոն է նախանշում մեր համալսարանի համար։ 2021 ենք մուտք գործում բազմաբովանդակ նոր ծրագրերով, այդ թվում՝ կենսատեխնոլոգիական ինկուբատորը, ՀԱԱՀ-ի Ակունքի եւ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունների հզորացումն ու համալրումը նորագույն տեխնոլոգիաներով եւ այլն։ Նոր տարում կունենանք մրցունակ նոր մասնագիտական կրթական ծրագրեր՝ դրանց համար անհրաժեշտ նոր ենթակառույցներով։

Հաջողության շարունակականությունն ապահովելու համար մենք ունենք բոլոր առանցքային նախադրյալները՝ նվիրյալ ու լայնախոհ պրոֆեսորադասախոսական կազմ, խելացի, ուժեղ եւ գեղեցիկ ուսանողություն, մշտապես նորացվող ուսումնական ծրագրեր ու կրթական միջավայր եւ բոլորիս անսասան վճռականությունը՝ մնալու մեր երկրի գյուղատնտեսության եւ կրթության զարգացման առաջնագծում։

«Երբեւէ չընկճվեք, ինչ վիճակի մեջ որ գտնվիք, երբեք չվհատիք, լավ գիտցեք, որ մեգ-մառախուղից վեր, մթամած երկնքից վերեւ միշտ կա ջերմ եւ պայծառ արեւը, կա Հայաստանը՝ բովանդակ հայության հայրենիքը»․ մեծն Իսահակյանի խոսքերն են, եկեք անսանք Վարպետի իմաստուն հորդորին։

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Լավատեսությամբ, սթափ հույսերով, հավատի ուժով ու վճռական նպատակադրումներով դիմավորենք եկող տարին։ 2021-ը հայտարարենք նոր վերելքի սկզբի տարի։ Թող այն բարի ու ստեղծագործ աշխատանք, հոգու բավարարություն բերի ձեզ, ձեր ընտանիքներին ու մեր Հայրենիքին։