ՀԱԱՀ ռեկտորի ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Այնպես է պատահել, որ Հայաստանում արմատավորված կանանց միամսյակն ավարտում ենք երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում։ Սակայն սա ոչ միայն չի նսեմացնում Ապրիլի 7-ի գեղեցիկ ու խորհրդաշատ տոնի իմաստն ու նշանակությունը, այլեւ էլ ավելի է շեշտում կանանց կարեւորագույն դերը ճգնաժամի հաղթահարման գործում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կին դասախոսներն ու աշխատակցուհիները, ստորաբաժանումների կին ղեկավարներն ու ուսանողուհիները բոլորիս համար այս ոչ դյուրին օրերին դրսեւորում են կարգապահություն, աշխատասիրություն, նվիրվածություն, իմաստնություն եւ արտակարգ իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն։
Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, մեր սիրելի ուսանողուհիներին՝ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ, որը նաեւ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնն է։ Մաղթում եմ նախեւառաջ համավարակի հետ կապված ճգնաժամի արագ ու անկորուստ հաղթահարում, առողջություն, երջանկություն ու ներդաշնակություն բոլորի ընտանիքներում։