ՀԱԱՀ ռեկտորը հուշագրեր է ստորագրել գինեգործական ընկերությունների հետ

Ապրիլի 1-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը գործակցային հուշագրեր ստորագրեց գինեգործական 7 ընկերությունների հետ, որը վերաբերում է դուալ կրթական համակարգի ներդրման գործընթացի շարունակմանը: Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Հուշագրերով մասնավորապես նախատեսվում է, որ ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների գործնական հմտություններ ձեռք կբերեն «Արմենիա Վայն» գործարան ՍՊ, «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊ, «Վիննովեյշն» ՍՊ, «Տիեռաս դե Արմենիա» ՓԲ, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ, «Վայնվորքս» ՓԲ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու Կոմբինատ» ԲԲ ընկերություններում՝ ըստ մշակված և պիլոտավորվող դուալ ուսուցման մեթոդաբանության: Դրանք ամրագրում են գինեգործական աշխատաշուկայի առկա իրական պահանջներին համապատասխան միջին օղակի մասնագետների պատրաստման գործում կողմերի պատասխանատվությունը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՄԿՈՒ վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմինե Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ աշխատաքի վրա հիմնված կրթական գործընթացի հայեցակարգի այս ձեւաչափը առհասարակ նոր է մեր երկրի կրթական համակարգի համար, բայց եւ՝ շատ կարեւոր նախնական եւ միջին մասնագիտական հաստատությունների համար: Ըստ տիկին Պողոսյանի, առաջիկայում ընդլայնվելու է հայեցակարգն ու դրանից բխող գործելակերպերը կիրառող ուսումնական հաստատությունների եւ մասնագիտությունների թիվը:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը կարեւոր համարեց այս նոր փորձի ու նոր մշակույթի արմատավորմանը նպաստող բոլոր կողմերի ներդրումը եւ շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ ռեկտորին (ըստ արժանվույն գնահատելով նաեւ ՀԱԱՀ-ում իրականացվող արդյունավետ բարեփոխումները), ներգրավված գինեգործարաններին եւ GIZ-ին՝ հերթական անգամ ոլորտի առաջընթաց ապահովող նախաձեռնության մաս կազմելու եւ աջակցելու համար:

GIZ-ի Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը, գնահատելով համագործակցության բոլոր կողմերի համերաշխ պատրաստակամությունն ու ներդրումը, նշեց. «Լավ ճանաչելով պարոն Ուռուտյանին եւ լավատեղյակ լինելով Ագրարային համալսարանում վերջին տարիներին իրականացվող հետեւողական բարեփոխումների մասին, համոզված եմ, որ այս նախաձեռնությունը Ագրարային համալսարանում շղթայական զարգացում է ունենալու՝ հանգեցնելով գործնական կրթության նպատակների իրականացմանը»:

Ողջունելով նախաձեռնության շրջանակում համագործակցող բոլոր կողմերին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը հայտարարեց, որ գործնական մասնագիտական ուսուցման հետագա ճակատագիրը մեծապես կախված է այս ծրագրի հաջողությունից: «Ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնը ստանձնելուց առաջ էլ ես հստակ պատկերացում ունեի ուսուցման ուսանողակետրոն միջավայրի մասին, որի առանցքը հենց աշխատանքի հիման վրա ուսուցումն է: Այդ միջավայրի ստեղծման գործընթացն, անշուշտ, մեկնարկել է այս հուշագրերի  ստորագրումից դեռ շատ առաջ, բայց այսօր մենք սկիզբ ենք դնում արդեն հաստատութենական ամուր հիմքերով դուալ կրթության զարգացման նոր փուլի»: Պարոն Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց GIZ-ին, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամին, ԿԳՄՍ նախարարությանը եւ, իհարկե, մեր գործընկեր գինեգործական ընկերություններին: «Վստահ եղեք, որ ձեր ներդրումը լինելու է ներդրում մեր երկրի ապագայի մեջ՝ քանզի մենք միասին դաստիարակելու, կայացնելու ենք մասնագետների նոր սերունդ, որը լինելու է երկրի ապագան», – ասաց ռեկտոր Ուռուտյանը:

Գործընկերության բոլոր կողմերը վստահ են, որ գինեգործարաններում ուսանողների հետագա փորձուսուցումները, ինչպես նաեւ ՀԱԱՀ նոր ուսումնական պլաններով նախատեսված աշխատանքային կիսամյակները նոր ու արդյունավետ բովանդակություն կհաղորդեն դուալ կրթությանը: