Օրերս Ագրարայինում հյուրընկալել էինք արցախցի դպրոցականների: Լուռ են, չեն խոսում, չեն շփվում: Փակ են, անմռունչ, միայն աչքերն են խոսում: Սարսափ, թանկ կորուստներ, արհավիրք տեսած հայի աչքեր: Ժամանակից շուտ վիշտ ապրած մանկանց աչքեր, առաջնագծում մնացած հայրիկների կարոտի թարգման աչքեր… Խուլ ու համր աշխարհի առջեւ իրենք էլ կաղապարվեցին, կողպեցին իրենց նուրբ հոգիները:
Տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանող Կարեն Քարիմյանն է կամավորագրվել ու համակարգում է արցախցիների այս փոքրիկ խմբի բազում խնդիրներն ու դրանց լուծման ուղիներն է գտնում: Հաջողությամբ է գործը գլուխ բերում: Հիմա էլ 6-14 տարեկան երեխաներին բերել է ուսանողական-երիտասարդական միջավայր, որ շփվեն, վանեն մռայլ մտքերը:
Ուսխորհրդի անդամներն էլ, Կարեն Ղարախանյանի առաջնորդությամբ ջանք ու եռանդ չխնայեցին նրանց շուրթերին թեթեւ ժպիտ բերելու ահամար: Անկաշկանդ, անբռնազբոս մթնոլորտն ապահովեցին: Խաղացին, միասին սքողման ցանցեր հյուսեցին, անուշեղեն վայելելով պատմեցին համալսարանի մասնագիտությունների, ուսանողական առօրյայի մասին: Վստահության քվեն անշրջելիորեն ապահովված էր: Երեխաները տպավորված էին:
Տեղեկություններ ստացան համալսարանի մի քանի առանցքային մասնագիտությունների մասին, որոնք գուցե ընտրեն, երբ գա դրա ժամանակը։ ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի ղեկավար Հովհաննես Երիցյանի օգնությամբ հասու դառան ժամանակակից աշխարհի տեխնոլոգիական զարգացումներին, նորագույն տեխնոլոգիաների՝ գյուղատնտեսությունում ունեցած հսկայական դերին, երիտասարդության համար այդ տեխնոլոգիաները գործնականում կիրառելու հնարավորություններին, որոնք ընձեռում է Ագրարային համալսարանը։
Պատմում են, թե փոքրիկները վերադարձից հետո Կարեն Քարիմյանին խոստովանել են, որ շատ են հավանել Ագրարայինը եւ ուզում են ամեն օր գալ այստեղ…