Զարգանալ եվ հզորանալ․ այլ տարբերակ չկա

Ղազախստանի ազգային ագրարարային հետազոտական համալսարանի (ՂԱԱՀՀ) հիմնադրման 90-ամյակի շրջանակում կազմակերպվող «Տնտեսության գլոբալացման պայմաններում ԱՊՀ-ի նորարարական զարգացում» թեմայով միջազգային ագրոտեխնոլոգիական 5-րդ գագաթնաժողովի մասին տեղեկանալուց հետո որոշեցի մասնակցել։

Որոշումս պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն մի քանի ամիս է աշխատում եմ նորարարական գյուղատնտեսությանը նվիրված գիտական թեմայի վրա, որի շուրջ արդեն կատարել էի որոշակի ուսումնասիրություններ։ Մասնակցության շահադրդվածությունս էլ ավելի բարձրացավ, երբ իմացա, որ միջոցառմանը հրավիրված են 54 երկրից ավելի քան 223 խոսնակ, որոնց կողմից ներկայացվող թեմաների վերնագրերից հասկացա, որ շատ գիտելիք եմ ձեռք բերելու այդ մասնակցությունից։

Ելույթիս թեման վերնագրեցի «ՀՀ գյուղատնտեսության նորարարական զարգացման անհրաժեշտությունը, հիմնական դերակատարները և նրանց գործառույթները»։ Գյուղատնտեսությունը, լինելով ՀՀ տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Ներկայումս աշխարհը կանգնած է գլոբալ մարտահրավերների առաջ (աշխարհի բնակչության թվաքանակի աճ, կլիմայի փոփոխություն, սահմանափակ հողային տարածքներ, կենսաբազմազանության կրճատում և այլն)։ Տեղային և գլոբալ մարտահրավերների հաղթահարման լավագույն տարբերակը նորարարությունն է։ Տնտեսության, մասնավորապես գյուղատնտեսության, նորարարական զարգացման հիմքը գիտությունն է։

ՀՀ պետական բյուջեից գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 0,19%-ը։ Իսկ գիտե՞ք, թե այս ցուցանիշով, որ երկիրն է աշխարհի առաջատարը։  Երկիր, որի տարածքն ավելի փոքր է, քան ՀՀ տարածքն է (ընդամենը 22 հազ․ քառ․ կմ), սակայն այդ փոքր տարածքի վրա ապրում է ՀՀ բնակչությունից մի քանի անգամ շատ մարդ (ավելի քան 9 մլն)։ Այդ երկիրը Իսրայելն է, որը գիտության վրա ծախսում է ՀՆԱ-ի 4,95%-ը (26 անգամ ավելի, քան ՀՀ-ն)։ Իմ ելույթում ներկայացրեցի նորարական գյուղատնտեսության դերակատարներին՝ մասնավորապես անդրադառնալով պետությանը և այս ուղղությամբ նրա հիմնական գործառույթներին։

Ավելի քան երբևէ, մենք պետք է հզորանանք և զարգանանք թե՛ որպես անհատներ, և թե՛ որպես պետություն։ Իսկ դրա համար մեզանից յուրաքանչյուրը պետք է աշխատի, շատ աշխատի և իր պարտավորությունները կատարի բարձր մակարդակով ու պատասխանատվությամբ։ Մեր տեսլականը պետք է լինի ոչ թե անձնական, այլ` պետական շահի առաջմղումը:

Գոհար Ոսկանյան

ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ, տգթ