Գիտական տարին դեռ չի ավարտվել. «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականի հերթական՝ հայերեն և ռուսերեն համարը նոր բացահայտումների, փաստարկների ու հիմնավորումների մարտահրավեր է:
Մերոնք կրկին կատարելագործում են կարտոֆիլահան մեքենան ու սերմնահան ապարատը, «Սինոփսիս» ընկերության նախագծողներն առաջարկում են բերքի որակը վերահսկել դաշտերը տեսապատկերելու միջոցով, պոլիտեխնիկցիներն օպտիմալացնում են բեռնափոխադրումները, որ գյուղմթերքն ամենակարճ ճանապարհով հասնի սպառողին: Երիտասարդ ագրարայինցին Հայաստանի ներդրումային գրավչությունն է ծանրութեթև անում, եզրակացնում՝ գաղտնիքը հավասարակշռված մակրոտնտեսական իրավիճակն է: Իսկ ԵՊՀ-ից նրա գործընկերը ագրոպարենային ոլորտը ռիսկերից ապահովագրելու նոր՝ հավակնոտ մոդել է ներկայացնում: Շուշիի տեխնոլոգիականից գիտությունների թեկնածուն փորձել, ապացուցել է՝ ափսեաձև ոսպը լեռնային, անջրդի պայմաններում աննախադեպ բերք է տալիս, պետք է ցանել ու ցանել: Հիդրոպոնիկայի ինստիտուտի մասնագետներն անդրադարձել են բանջարաբույսերի բնապահպանական հիմնախնդիրներին. պատրաստուկի ի՞նչ չափաբաժին կիրառել, որ միջատները չանհանգստացնեն մշակաբույսերին, պատասխանը փնտրեք դարձյալ մեր պարբերականում: Բացի համ ու հոտից՝ ի՞նչ փնտրել բրնձի, հնդկաձավարի և մակարոնեղենի մեջ, կարդացեք՝ ի՞նչ ռիսկ է երևում էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի աշխատակիցների խոշորացույցի տակ: «Լիտվացի» կովերը Հայաստանում ավելի մթերատու են, անհրաժեշտ է էլի ներկրել՝ մեր գիտնականների համոզմունքն է: Երևանի կենդանաբանականում սկյուռակապիկների անկում կար. ագրարայինի գիտնականների ախտորոշումը չուշացավ …
Մանրամասներին ծանոթացեք «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականի ամենաթարմ՝ 67-րդ համարում: