«Գինու ծով» Սեւծովյան տարածաշրջանային նախագիծն իրականացնում են ԱՈՒԿ-ի շրջանավարտները

ՀԱԱՀ «արյունակից» գործընկեր ICARE հիմնադրամը Հունաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի իր գործընկերեների հետ սկսել է իրականացնել մի նախագիծ, որով լուրջ նախադրյալներ կստեղծվեն Սեւծովյան տարածաշրջանը գինու տուրիզմի մեկ համաշխարհային ուղղություն դարձնելու համար:

Դժվարություններով եւ մարտահրավերներով լի 2020-ին մեկնարկեց 26-ամսյա «Գինու ծով» նախագիծը, որը վերոհիշյալ 4 երկրներում գործող գինու եւ ճամփորդական բիզնեսներին եւ վերջիններիս շահակիցներին օգնելու է մշակել իրենց ապրանքների եւ ծառայությունների ներկայացման եւ առաջխաղացման ընդհանուր մոտեցումներ։ Բացի ICARE (Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն) հիմնադրամից, նախագծին մասնակցում են նաեւ Սալոնիկի Արիստոտել համալսարանը, Օդեսայի սննդի տեխնոլոգիաների ազգային ակադեմիան եւ Ագրոբիզնեսի զարգացման վրացական կենտրոնը (GCAD): Ի դեպ, GCAD-ը հիմնադրվել է 2006-ին՝ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի կողմից՝ ԱՈՒԿ-ի վրացի շրջանավարտների ուժերով:

ՀԱԱՀ ԱՈՒԿ-ի մեկ այլ շրջանավարտ եւ տոհմիկ գինեգործի ընտանիքի դուստր Անի Մանասերյանն էլ համադրում է նախագիծը Հայաստանի կողմից։ «Գինու տուրիզմը ինքնին լավագույնս է սահմանում «գինի եւ տարածք» համադրությունը՝ ապահովելով եզակի փարձառություն, որը ներառում է տարածաշրջանի բնական լանդշաֆտը, մշակույթը, ավանդույթները։ Գինու զբոսաշրջիկները նախընտրում են նաեւ ուղղություններ, որոնք առաջարկում են համապատասխան ծառայությունների եւ միջոցառումների լայն ընտրանի։ Նախագծի շրջանակում ձեւավորվելիք գինու երթուղին տարածաշրջանում կապահովի տնտեսական եւ սոցիալ-մշակութային օգուտներ՝ միաժամանակ նպաստելով գինու տուրիզմի բիզնես գործելակերպերի արմատավորմանը»,- ասում է Անին։

Գինու համաշխարհային շուկայում տարածաշրջանի վերջնական դիրքավորման ճանապարհին նախատեսվում է իրականացնել մի շարք առցանց եւ առկա միջոցառումներ, որոնցից առանցքայինը երկրների մակարդակով գինու երթուղիների մշակումն ու դրանք մեկ ընդհանուր՝ Գինու սեւծովյան երթուղու մեջ միավորելն է։

«Գինու ծով» (Sea of Wine) նախագծի ընթացքին կարելի է հետեւել նախագծի ֆեյսբուքյան էջի միջոցով։