Երկիրը շենացնելու հնարավորությունների ամենամեծ չափաբաժինը թերեւս պատկանում է ագրոնոմներին: Հողագործը-մշակը-երկրագործը… հատկապես այս մասնագետներն են հազարամյակներ շարունակ մեր բնօրրանը՝ Հայաստանը, դրախտավայր դարձրել, եւ այսօր մեր բուհը այդ ոլորտի հերթական շրջանավարտներին՝ առկա եւ հեռակա բակալավրերին, մագիստրանտներին, ճանապարհեց մեծ կյանք:
Ֆակուլտետի դեկան, գ.գ.թ, դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը համոզված է, որ բուհը օժտել է երիտասարդներին գիտելիքների, հմտությունների, կարողությունների համապարփակ զինանոցով, եւ նրանք կգտնեն իրենց արժանի տեղը աշխատաշուկայում: Դեկանը հիշեց 44-օրյա պատերազմում անմահացած իր սաներին, խաղաղ երկինք եւ բարի վերադարձ մաղթեց Ազգային բանակում հիմա ծառայողներին: Սիրելի շրջանավարտներին դիմելով արդեն որպես գործընկերների, պարոն Տեր-Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ իրենց մասնագիտական գիտելիքներով եւ հաղորդակցական հմտություններով նրանք պատվով են համալրում ագրարային մասնագետների մեծ բանակը։
Ռեկտոր Վարդան ՈՒռուտյանը նկատեց, թե կարեւոր օր է բոլորիս, հատկապես շրջանավարտների ու նրանց ծնողների համար: Շնորհակալություն հայտնեց այն մարդկանց եւ կառույցներին, որոնք միահամուռ ջանացել են, որ ուսումնառության այս փուլը պատվով հաղթահարվի: Ռեկտորը շնորհակալություն հայտնեց նաեւ իրենց՝ շրջանավարտներին՝ Ագրարային համալսարանի եւ ագրոնոմիական մասնագիտությունների գիտակցված ընտրություն կատարելու եւ ուսումնառության դժվարությունները հաղթահարելու համար։ Բայց անդադար սովորելու, նորը յուրացնելու ձգտումը պետք է ուղեկցի մարդուն ցկյանս. «Լեզուներ եւ թվային լուծումներ սովորեք, աշխարհը արագ փոխվում է եւ գյուղատնտեսությունն այսօր տվյալահենք ոլորտ է, դուք պետք է պատրաստ լինեք արդիական տեխնոլոգիաների յուրացման միջոցով ուժեղանալու եւ զարգացնելու ձեր հմտությունները: Այսուհետ դուք նույնպես պատասխանատու եք սննդամթերքով ապահովվածության ու ազգային անվտանգության կարեւորագույն մաս կազմող պարենամթերքի անվտանգության հարցում: Եվ համագործակցության համար մեր դռները միշտ բաց կլինեն ձեր առջեւ։ Մնացեք Հայաստանում, սիրեք, հզորացրեք ու շենացրեք մեր երկիրը»:
Շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին ներկաներին՝ իրենց գեղեցիկ տոն պարգեւելու համար եւ փոքրիկ տեսանյութ էին պատրաստել՝ ուսանողական հախուռն-հագեցած կյանքը ակնթարթների մեջ ամփոփելով: Խորհրդանշական է: Չէ որ ուսանողական տարիները թռչում են հենց ակնթարթի պես…
- 15/09/2023
- 2023